Մշակույթ

Լազարյանների պատմական առանձնատանը բացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնի արտ-սրահը

Վերջին մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով վերականգնվել է Լազարյանների պատմական առանձնատան մաս կազմող XVII-րդ դարի շինությունը, որտեղ ներկայումս տեղակայված է դեսպանությանը կից գործող Հայկական մշակութային կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը։

XVII-րդ դարի մասնաշենքի երկրորդ հարկում տեղակայված են հայկական կիրակնօրյա դպրոցը, կենտրոնի ներքո գործող մշակութային խմբակները՝ դուդուկի դպրոցը, ազգագրական պարերի, վոկալի և թատերական խմբակներն ու նախադպրոցական խումբը։ Շինության առաջին հարկում բացվել է մշակութային կենտրոնի արտ-սրահը։

Վերջինս բաղկացած է չորս հիմնական սրահից, որտեղ մշտապես կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, տարբեր ոլորտների անվանի հայ գործիչներին նվիրված միջոցառումներ։

Վերականգնված տարածքը ծառայում է նաև որպես յուրօրինակ հարթակ  հայկական արտադրանքի շնորհանդեսների, տարբեր ոլորտների հայ-ռուսական մասնագիտական խմբերի համատեղ նախաձեռնությունների ու զբոսաշրջային ոլորտին ուղղված ծրագրերի ներկայացման համար։

Վերանորոգված հատվածում ներկայումս պատրաստվում է «Թուֆենկյան» ընկերության գորգերի նմուշների յուրօրինակ ցուցադրություն։ Միևնույն ժամանակ նշյալ սրահում սեպտեմբեր ամսից կմեկնարկի Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված միջոցառումների շարքը՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Վերանորոգումից հետո բացված տարածքն ամբողջությամբ ծառայում է դեսպանության հայկական մշակույթի հանրաճանաչելիության բարձրացմանը ՌԴ-ում:Այն հանդես է գալիս նաև որպես հայ համայնքային կառույցների միջոցառումների իրականացման և Հայաստանի տնտեսական հաջողությունների ու հայկական արտադրանքի ներկայացման կարևոր հարթակ։

 XVII-րդ դարի մասնաշենքի վերականգնմանն աշխատանքներն իրականացվել են ռուսաստանաբնակ հայ բարերարների ոչ դրամային աջակցությամբ։


Կիսվել նյութով