Մամուլ

Ինչո՞ւ են Սիրիա մեկնած զորախմբի անդամներն ընտանիքներից գումար խնդրում

Ինչո՞ւ են Սիրիա մեկնած զորախմբի անդամներն ընտանիքներից գումար խնդրում

168.am-ը գրում է․ Սիրիա ուղարկված հայկական զորախմբի հետ, պարզվում է, ամեն ինչ չէ, որ կարգին է։ Նրանք իրենց առաքելությունն անում են հավուր պատշաճի, իսկ պետությունը, պարզվում է՝ ոչ։

Ինչպես վերջերս մամուլը գրեց, քնում են նկուղում, ոչ լավ պայմաններում։ Դա հասկանալի է. այնպիսի վայրերում են, որոնք կարող են ենթարկվել ռմբակոծության ու հարձակումների։ Բայց հասկանալի չէ, թե ինչո՞ւ են զորախմբի ծախսերը հոգում նրանց ընտանիքների անդամները։ Մեզ հասած խիստ հավաստի տեղեկություններով, հումանիտար խմբի ներկայացուցիչներն անհրաժեշտ ծախսերի համար գումար են խնդրել հարազատներից։

Բանն այն է, որ աշխատավարձը նրանք պետք է ստանան ծառայությունն ավարտելուց հետո, իսկ մինչ այդ, բնականաբար, գումար է անհրաժեշտ լինում։ Զորախմբի ներկայացուցիչները, ստիպված, ընտանիքի անդամներից են խնդրում ուղարկել։

Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, սակայն մեզ ուղղորդեցին դիմել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի համակարգման տակ գործող այս ՊՈԱԿ-ից տեղեկացրեցին, որ Սիրիա ուղարկված զինծառայողների նկատմամբ պետությունն իր պարտավորությունների մասով թերացում չունի:

«Կեցության պայմանների մասով ասենք, որ վայրը, որտեղ տղաները գտնվում են ներկայում, համարվում է իրենց մշտական կեցության վայրը այնքան ժամանակ, քանի դեռ իրենք Սիրիայում ծառայության մեջ են: Իսկ շենքը, որ բնակվում են, ամբողջությամբ նորոգված շենք է, կենցաղային բոլոր նորմալ պայմաններն ապահոված է նրանց համար, անհրաժեշտ պարագաների խնդիրը լուծված է, կարիք բացարձակապես չունեն, մերոնք ունեն նաև իրենց խոհարարը, և այդ մասով ընտանիքի անդամները մտահոգվելու առիթ չպիտի ունենան»,- նկուղներում քնելու պայմանների մասին հակառակ նկարագրումներով մեկնաբանում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

Իսկ ինչ վերաբերում է ընտանիքի անդամներից գումարներ խնդրելուն, ՊՈԱԿ-ից պատասխանեցին՝

«Գումարը տղաներին ամեն ամսվա համար նախատեսում է ՊՈԱԿ-ը, և դրանք պարբերաբար փոխանցվում են նրանց հաշվեհամարներին: Սիրիայում բանկոմատներից օգտվելու խնդիր կա ու, բնականաբար, հաշվի է առնվել այս հանգամանքը հայկական խումբն ուղարկելուց առաջ: Դեռ փետրվարին նրանց նախնական գումարներ են բաժանվել, որպեսզի առաջիկա ամիսների համար կացության և այլ ծախսերի խնդիրներ հնարավորինս չծագեն:

Չենք բացառում, որ առաջին ամսվա և հավելավճարները սպառվել են, բայց ծառայողներն ամեն ամիս ժամանակին ստանում են իրենց հասանելիք գումարը: Եվ եթե նրանք զանգել, տնից գումար են ուզել, հնարավոր է՝ բանկոմատներից կանխիկացնելու խնդիր ունեն, իսկ որոշ դեպքերում գուցե նաև իրենց հարազատների մոտ են թողել քարտերը, և հենց այդ քարտերից կանխիկացվող գումարն է երևի ուղարկվում դուրս՝ ծառայողներին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Սիրիա մեկնեց 83 հոգանոց ծառայողների խումբ՝ հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով: Մոտ մեկ ամիս առաջ ականի պայթյունի հետևանքով հենց խմբի ղեկավարը վիրավորում ստացավ:

Սիրիայում հայ մասնագետը աջ ոտնաթաթի ամպուտացումից հետո տեղափոխվեց Մոսկվա, շուտով նրան Հայաստան կտեղափոխեն: Իսկ Հայաստանից մեկնած 82 հոգանոց խմբի նոր համակարգող այդպես էլ չուղարկվեց, հայ ականազերծողների խմբի գլխավոր տեսուչը դարձավ թիմից Արա Մարտիրոսյանը:

Աղբյուր՝ 168.am

Կիսվել նյութով