Մամուլ

Զինված ավազակային հարձակում Երևանում գործող «Աջարաբեթ»-ի գրասենյակում. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Զինված ավազակային հարձակում Երևանում գործող «Աջարաբեթ»-ի գրասենյակում. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 15-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ զինված տղամարդը մտել է Սեբաստիա 125/4 հասցեում գործող «Աջարաբեթ»-ի գրասենյակներից մեկը և պահանջել գումար։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, զինված հանցագործը «Աջարաբեթ»-ի աշխատակցին մոտեցել է այն ժամանակ, երբ նա ներսում է եղել և թիկունքին, ըստ «Աջարաբեթ»-ի աշխատակցի, զենքի նմանվող առարկա է պահել ու պահանջել գումար։ 

Որոշ ժամանակ մերժում ստանալուց հետո հանցագործը դիմել է փախուստի՝ ոչինչ չտանելով իր հետ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանն ու ոսստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Հակոբ Պարոնյանն ու Արգամ Կիրակոսյանը և սպասում են, մինչև կժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու և նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել նյութով