Մամուլ

Երևանում հոր և որդու վրա կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրենը

Երևանում հոր և որդու վրա կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրենը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Սարգսյանը։

Վերջինս նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա։

Նա հայտնաբերվել է Սեբաստիա փողոցում և կասկածվում է հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին. Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հաղթանակ թաղամասի բնակիչներ՝ 62-ամյա Հարություն Պետրոսյանն ու 27-ամյա Դավիթ Պետրոսյանը, և Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկների շնորհիվ վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալ Ռ. Սարգսյանն աշխատում է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Կիսվել նյութով