Շոու-բիզնես

«Ես ուզում եմ մի բան ասել էն տղերքին, ովքեր Գյումրիից քայլել են Երևան». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)

«Ես ուզում եմ մի բան ասել էն տղերքին, ովքեր Գյումրիից քայլել են Երևան». Սարգիս Գրիգորյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրը՝ դերասան Սարգիս Գրիգորյանն է։

Դերասան Սարգիս Գրիգորյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ չի հասկանում թե ինչու ոստիկաններն իրեն բերման ենթարկեցին. «Ես սոցիալական հեռավորությունը պահպանել եմ:

Բայց կարո՞ղ էին, չէ՞, ասել՝ պարոն Գրիգորյան, նստեք մեքենան… ձեռքերս ծալեցին, ոնց որ խուժան լինեի, ու տարան: Լավ, մտնում եմ մեքենայի մեջ, նույն օրենքը, որը 10 վայրկյանը մեկ ասում է՝ սոցիալական հեռավորություն պահպանեք, 6 հոգուս մի մեքենայով տանում է Էրեբունու ոստիկանություն: Ինչի՞ն հավատամ, ո՞վ է դաստիարակողը, ո՞վ՝ կատարողը:

Լրագրողներն այնտեղ են եղել, թող իրենք կադրերը նայեն, տեսնեն՝ ես մարդկանց մե՞ջ եմ եղել: Ամեն մեկին գետնին պառկեցնելը՝ չի նշանակում՝ դիվիդենտներ շահել: Ինձ այդպես տանելն իրենց ավելի վնաս էր, քան օգուտ: Ես չէի գնացել այնտեղ՝ կռիվ անելու»:

Ինչ վերաբերում է իրենց պահանջին, ապա Ս. Գրիգորյանը նկատեց, որ, եթե գրեթե բոլոր ռիսկային ոլորտներն աշխատում են, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ռեստորանները փակ. «Չեմ գտնում այդ հարցի պատասխանը»:

Մեջբերեցինք Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի՝ մեր տաղավարում հնչեցրած պարզաբանումը, թե ինչու ռեստորանային ոլորտը հիմա չի կարող աշխատել:

«Դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը»,- մեր եթերում ասել էր փոխքաղաքապետը:

Սարգիս Գրիգորյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ ուղղակի կարելի է լավ հսկողություն կատարել ռեստորանում, ձեռնարկել համապատասխան քայլեր, ինչպես դա արվում է մյուս ոլորտներում.

«Ես ավելի ողբերգական եմ տեսնում, եթե չի բացվում այդ ոլորտը: Կարող եմ բերել հստակ օրինակներ. Նախ՝ այդ ոլորտի մեջ մտնում են 10-11 մասնագիտություններ, որոնք կենսականորեն կախված են այդ ոլորտի աշխատանքից՝ ռեստորանների սեփականատերեր, մատուցողներ, երաժիշտներ, երգիչներ, հանդիսավարներ, շոու-խմբեր, աման լվացողներ, խոհարարներ, վիդեո-ֆոտո նկարահանողներ, ձևավորողներ, ավտոսերվիսներ, հարսանյաց զգեստների սրահներ, դիմահարդարներ, վարսավիրներ:

Բացվել է դրանցից մոտ 7-8-ը, բայց նրանք գումարային առումով կախում ունեն այն ոլորտից, որը չի բացվել: Նշանակում է, որ հիմա դրանք բացվել են, «տակ տված» են աշխատում»:

Դերասանն ընդգծեց՝ իր առաջարկությունն ավելի շատ օգտակար է իշխանություններին, քան՝ վնասակար. «Ուղղակի պետք է դրա մասին մտածել:

Սեզոնը 4-5 ամիս է, և եթե այդ ընթացքում այդ մարդիկ չաշխատեն, իրենք բավականին լուրջ զանգված են, որոնք մինչև հաջորդ տարվա հունիս խնդիր են ունենալու: Այդ մարդկանց հետո ո՞նց ենք պահելու, ո՞նց ենք կերակրելու, դրա մասին մտածե՞լ ենք: Դրա հետևանքներն ավելի ողբերգական են»:

Դիտարկմանը՝ կառավարությունն ունի աջակցման ծրագրեր, նա հակադարձեց. «Ես էլ եմ ստացել՝ 2.5 ամսվա համար՝ 68.000 դրամ: Դա է աջակցման ծրագիրը. 3 աղջիկ ունեմ, ի՞նչ եմ անելու այդ 68 հազարով, եթե ես պետք է կոմունալները փակեմ, երեխաներիս պահեմ: Բայց մենք փող չենք ուզում, մենք աշխատանք ենք ուզում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Share