Մամուլ

Ես հերոս տղա եմ տվել, չեմ հասկանում ՊՆ-ի լռությունը. զոհված Հրաչ Փիլիպոսյանի հայր

Ես հերոս տղա եմ տվել, չեմ հասկանում ՊՆ-ի լռությունը. զոհված Հրաչ Փիլիպոսյանի հայր

News.am-ը գրում է․ Ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի զոհվելուց 17 օր անց էլ հայրը՝ Վաչիկ Փիլիպոսյանը, հստակ չգիտի, թե հունիսի 18-ին, մարտական դիրքում ինչ հանգամանքներում է զոհվել 20–ամյա որդին։

«Ես հերոս տղա եմ տվել, պահանջս այն է, որ գային, ցավակցեին, ասեին՝ քո տղան հերոս է, չի վախեցել, չի թաքնվել։ Իմ երեխեն թաքնվող տեսակ չէր, էն հոգեբանությունն ու դաստիարակությունը չուներ, որ թաքնվեր։

Չեմ հասկանում Պաշտպանության նախարարության լռությունը, սպասում եմ, որ կասեն՝ Հրաչը կռվել է թուրքի դեմ ու զոհվել, ուրիշ բան չեմ սպասում»,- News.am-ի հետ զրույցում ասաց Վաչիկ Փիլիպոսյանը։

Հրաչը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հունիսի 21-ին, հայրենի գյուղում։

hrach piliposyan 2

«Քննիչի հետ եմ երկու բառ խոսել, բայց հստակ բան ինձ չի ասել։ Քննիչն ասաց, թե քննություն է տարվում, ոչ մի բան չի թաքցվելու, ճշմարտությունն իմանալու ենք, իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկը մեղավոր լինի, նա պատժվելու է։

Քննիչին ասացի՝ երբ զինվորների հետ զրուցել եք, ի՞նչ եք հասկացել, ասաց՝ իմ վարկածն այն է, որ թշնամու գնդակից է զոհվել Հրաչը։ Ինձ այսքան բան է ասել։

Պաշտպանության նախարարությունից զանգ չեմ ստացել, նրա հուղարկավորությանը ՊՆ-ից մարդիկ կային, մոտեցել էին ինձ, ես սիրտ չունեի, չէի կարողանում խոսել։ Ինձ Հրաչի զոհվելու հանգամանքների մասին ոչ մի բան չասվեց, ես էլ միայն ասացի՝ հայրենիքին էսպիսի երեխա տվեցի, էս ի՞նչ եղավ գանձիս հետ։

hrach piliposyan

Զինծառայողների հետ զրույցներից եմ իմացել, որ Հրաչը եղել է թշնամու կողմից աննկատ մասում, կապ են տվել, որ շարժ կա, ասել են՝ Հրաչ, սպասիր, խոսեմ շտաբի հետ, բարձրանամ պոստ, Հրաչը չի սպասել ու պոստ է վազել»,- պատմեց Հրաչի հայրը եւ հավելեց, որ լսել է, թե Հրաչին դժվարությամբ են իջեցրել, որովհետեւ թշնամին շարունակել է կրակոցները։

Ըստ Վաչիկ Փիլիպոսյանի՝ Հրաչը սրտի եւ գլխի շրջանում է մահացու վիրավորում ստացել։ Հայրը համոզված է, որ որդին ծառայության 11 ամիսների ընթացքում որեւէ խնդիր չի ունեցել ծառայակիցների  հետ։

Կիսվել նյութով