Աշխարհ

«Եղբայրներս երես թեքեցին ինձանից, բայց ես չեմ զղջում, որ այստեղ եմ»․ հայկական անձնագրով ադրբեջանուհու պատմությունը

Տարածված կարծիք կա, թե Հայաստանում ադրբեջանցիներ չկան։ Բայց այդպես չէ, Հայաստանում ապրում են ադրբեջանցիներ, որոնք մեր երկիրը հայրենիք են համարում: Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի քաղաքացիություն ունեցող ադրբեջանուհու պատմությունը:

Հանրակացարանում, որտեղ փախստականներ են ապրում, կարելի է հանդիպել տարբեր ազգությունների ներկայացուցիչների. նրանք այստեղ ճակատագրի բերումով են հայտնվել: Հենց այդ հանրակացարանում էլ մենք հանդիպեցինք մի կնոջ, որն Ադրբեջանից է հասել Հայաստան։

Եգանա Գ.-ին տեսնելիս դժվար թե գլխի ընկնեք, որ ադրբեջանցի է: Հայերեն է խոսում, բայց յուրահատուկ առոգանությամբ, ժամանակ առ ժամանակ ռուսերենի անցնելով:

– Վաղու՞ց եք այստեղ, -հարցնում եմ ես:

– Ես լրագրողների հետ չեմ խոսում, -կտրուկ պատասխանում է Եգանան՝ շարժվելով դեպի իր սենյակ։ Գնում եմ նրա հետևից և պատմում, որ ինքս Վրաստանից եմ և ադրբեջանցի ընկերներ ունեմ: Կինը կանգ է առնում:

– Քեզ հավատում եմ, -ասում է նա և հրավիրում իր սենյակ:

Բարձրանում ենք շենքի հինգերորդ հարկ, նեղ միջանցքները տանում են փայտյա դռան մոտ, որի հետևում լուսավոր սենյակն է` 14 քառակուսի մետր բնակելի մակերեսով: Արդեն երեք տարի է`Եգանան ապրում է այստեղ:Նա տեղն է դնում պոլիէթիլենային տոպրակից ընկած իրերը, որոնք ուրիշներն են օգնություն են բերել։

«Եվ ի՞նչ անեմ սրա հետ: Ինձ պետք չեն, իսկ այ աշխատանք պետք է, որ կարողանամ ինքս ինձ պահել: Ասթմա ունեմ, ամեն գործ չեմ կարող անել», – ասում է Եգանան:

Կինը ցույց է տալիս անձնագիրը, որը հաստատում է՝ նա ծնվել է 1964թ-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում:

«17 տարեկան էի, երբ ամուսնուս հետ փախանք: Նա ազգությամբ հայ է: Ծնողներս, եղբայրներս, բոլորը դեմ էին: Պատահում էր, որ հայ աղջիկներն էին ամուսնանում մերոնց հետ, բայց որ ադրբեջանուհին գնար հայկական ընտանիք, հազվադեպ էր պատահում», – պատմում է Եգանան:

Եղբայրներս երես թեքեցին

Բարձրահասակ, սև աչքերով Արթուրը (անունը փոխված է) իսկույն գրավել է ադրբեջանցի աղջկան: Զույգն ամուսնացել է 1981թ-ին Ադրբեջանում՝ անտեսելով Եգանայի հարազատների բողոքներն ու վեճերը: «Ես նրան տիեզերքից շատ էի սիրում, ինձանից չորս տարով էր մեծ: Չորս երեխա ունեցանք՝ Կարենը, Վադիմը և երկու աղջիկ», – պատմում է Եգանան:

Երբ սկսվել է արցախյան հակամարտությունը Եգանան ամուսնու հետ եկել է Հայաստան: Եկել են երեք երեխայի հետ. կրտսեր դուստրը ծնվել է Հայաստանում: «Նրանք իրենց հայ են համարում, բայց չեն մոռանում, որ երակներում ադրբեջանցու արյուն է հոսում»,- ասում է Եգանան:

Եղբայրներս երես թեքեցին

Ադրբեջանցի կինը սիրել է Հայաստանը, բայց շատ է ուզում գոնե մեկ անգամ էլ տեսնել հայրենի Մինգեչաուրին: «Ես ու ամուսինս արդեն միասին չենք, այդպես ես հայտնվեցի այստեղ (հանրակացարանում՝ խմբ.): Հիմա մենակ եմ ապրում՝ հանուն երեխաներիս ու թոռներիս: Հարազատներս համոզում էին չմեկնել Հայաստան, եղբայրներս երես թեքեցին ինձանից: Ես չեմ զղջում, որ այստեղ եմ, այն ամենը, ինչ արել եմ, ճիշտ է եղել», – ասում է Եգանան:

Միակ բանը, որի համար զղջում է, այն է, որ չի կարողացել ներկա լինել մոր թաղմանը: «Ղարաբաղյան հակամարտությունից հետո ո՛չ հայերը, ո՛չ էլ ադրբեջանցիները չեն կարող միմյանց հյուր գնալ»,- կարծես արդարանում է Եգանան:

Եղբայրներս երես թեքեցին

Նա արդեն 28 տարի Հայաստանում է: Չնայած դժվարություններին՝ նա ընտանիքի հետ ոչ մի տեղ չի մեկնել, թեև եղել են տարբեր առաջարկներ: «Ես ինձ այստեղ միշտ լավ եմ զգացել, ոչ ոք ոչ մի անգամ մատով ցույց չի տվել ինձ ու չի մատնանշել իմ ազգությունը», – ասում է Եգանան:

Հարևան Անահիտ տատը նրա համար երկրորդ մայր է դարձել, միասին են կարճում ձմեռային երեկոները, միմյանց սուրճի կամ թեյի հրավիրում: Ամռանը բակը մարդաշատ է, կարելի է շատերի հետ շփվել:

Եգանան Հայաստանի իշխանություններից մի աշխատանք է խնդրում, որն ի զորու կլինի կատարել: Հիվանդության պատճառով շատ բան չի կարող անել, իսկ առանց աշխատանքի չի կարող ապրել, կենսաթոշակ ստանալու համար էլ դեռ մի քանի տարի կա: Եթե դա էլ ստացվի, Եգանան երջանիկ կլինի:

Նա երազում է գոնե մեկ անգամ տեսնել հայրենիքը, բայց կասկածում է, որ հայկական անձնագրով ադրբեջանուհուն կընդունեն Ադրբեջանում:

Աղբյուր՝ armenaisputnik.am

Կիսվել նյութով