ՄամուլՔաղաքականություն

Եթե ինչ-որ մեկը այս պահին չի տիրապետում իրավիճակին, ապա դա պետության վարչապետն է. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը հենց վերջին շրջանում է ավելի ադեկվատ ու ճիշտ գնահատում իրավիճակը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նշենք՝ այսօր հայ-չինական դպրոցի բացմանը Փաշինյանն, արձագանքելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությանը, իր հերթին հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունը՝ իր նախագահի գլխավորությամբ շարունակում է սխալ գնահատել իրավիճակը։

Շարմազանովն ասաց, որ Հանրապետական կուսակցության ղեկավար անձինք «հստակ» են արձագանքել Փաշինյանի «հակասական ու ոչ ժողովրդավարական տարրեր պարունակող» ելույթին։

«Եթե ինչ-որ մեկը այս պահին չի տիրապետում իրավիճակին, ապա դա պետության վարչապետն է։ Հանրապետական կուսակցությունը վերջին շրջանում ավելի իրատես է և ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, ու պարոն վարչապետը պետք է գիտակցի, որ ընդդիմության խոսքը չպետք է արհամարhել։ Մենք չպետք է գնանք դեպի միակարծություն, այլ՝ բազմակարծություն: Անկախ նրանից, իրեն դուր է գալիս, թե ոչ` մենք ունենք մեր դիրքորոշումը», — հավելեց Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահը պոպուլիստական է որակում Փաշինյանի հայտարարությունները, թե ժողովուրդը հաղթել է. «Ժողովրդի հաղթանակը ո՞ւմ նկատմամբ։ Այն տպավորությունն է, որ Ավարայրի ճակատամարտն է եղել կամ Շուշիի ազատագրումը, որ ասում է ժողովրդի հաղթանակը։ Կարո՞ղ է մենք ուրիշ երկրի քաղաքացի ենք։ Հայաստանում բոլորը յուրայիններ են»։

Նրա խոսքով՝ վարչապետը «շանտաժի տարափ» է տարածում և դատավորների, և պատգամավորների, և այլ կարծիք ունեցողների վրա, սպառնում նրանց ԱԱԾ-ով։

«Եթե ընդդիմադիր Փաշինյանը իրեն թույլ էր տալիս ոնց ուզեր քննադատեր իշխանություններին, ապա մենք առավել ևս ունենք այդ իրավունքը։ Թե՞ իրեն թվում է, թե ինքն ունեցել է այդ իրավունքը, այսօրվա ընդդիմությունը չպե՞տք է ունենա։ Ես հարգանքով եմ վերաբերում նրա կարծիքին, ինքն էլ պետք է հարգի նաև մեր կարծիքը», — նշեց Շարմազանովը։

Նշենք, որ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում ունեցած Փաշինյանի ելույթից հետո ԱԺ նախագահը հայտարարել էր, որ երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները, և հանրային համերաշխությունը վտանգված են։ «Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության և հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու և անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում», — նշել էր նա։

Աղբյուր՝ Aysor.am

Կիսվել նյութով