Ժամանց

«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ. Լուսանկարներ

Sputnik Արմենիան գրում է․ «Դու մենակ չես»։ Ռոմիկի համար կարևոր է, որ մարդիկ օգնեն միմյանց։ Ասում է` իր հայրիկն օգնում է հրդեհներ մարել, բժիշկներն օգնել են իրեն հաղթել հիվանդությանը, ինքն էլ պետք է ապահովի այս շղթայի շարունակությունը։

Ամուսնանալ ռուս աղջկա հետ ու տասը երեխա ունենալ։ Այսպիսի պլաններ ունի 10-ամյա Ռոմիկ Արշակյանը։ Նա վստահ է, որ ռուս կանայք գեղեցիկ են ու իր միակի հետևից պատրաստ է հասնել Ռուսաստան, բայց` ժամանակավոր։ Երեխաների ծնվելուց հետո մտադիր է վերադառնալ հայրենի Ապարան ու իր հայրիկի նման հրշեջ աշխատել։

Այս երազանքն իրականացնելու համար Ռոմիկին պետք է մի փոքր մեծանալ ու բուժել ոսկորների փխրունությունը։ Տղան վստահ է, որ դա իրեն կհաջողվի. չէ՞ որ արդեն կարողացել է հաղթահարել սուր լիմֆոբլաստային լեյկոզն ու նորից է սկսել քայլել։

ապարանցի Ռոմիկ

Մարտին տղային հիվանդանոց էին բերել հատուկ կորսետով. նա չէր կարողանում քայլել։ Ուներ ողի կոտրվածք, որը ստացել էր ընկերների հետ վիճաբանության ժամանակ։ Հետազոտությունից հետո Ռոմիկի մոտ լեյկոզ ու ոսկրերի ախտահարում էր հայտնաբերվել։ Նրա մայրիկի` Արփիկի համար նորությունը շոկային էր։

Սկզբում նրան թվում էր, թե կկարողանան շուտ տուն վերադառնալ, բայց բժիշկները բացատրել էին` հիվանդությունը երկար ու բարդ բուժում է պահանջում։

«Երջանիկ էի, երբ առաջին անալիզը մաքուր եկավ, և երբ Ռոմիկը կրկին քայլեց։ Լեյկոզը հաղթահարեցինք, մնում են փխրուն ոսկորները», – ասաց տղայի մայրը` հազիվ զսպելով արցունքները։ 

ապարանցի Ռոմիկ

Ի տարբերություն մայրիկի` Ռոմիկը մարտական է տրամադրված։ Նա ոչնչից չի վախենում ու պնդում է, որ բոլոր դառը դեղերն ու ցավոտ բուժումները հաճելի են, երբ գիտի, որ նորմալ կյանքի է վերադառնալու։ Հիվանդանոցային օրերից էլ հիշում է միայն լավերը, հատկապես այն, երբ կրկին ոտքի կանգնեց։ 

«Բժիշկն ասաց, որ պետք է քայլեմ։ Ես հանեցի կորսետն ու սկսեցի հիվանդանոցի մի ծայրից մյուսը քայլել։ Հելացի ու քելացի»,-ասում է տղան, հետո որոշում անկեղծանալ։

Պատմում է, որ հիվանդանոցում շատ էր կարոտում հորեղբոր աղջկան` 4-ամյա Ռոզիին։ Հենց նրան էլ առաջինը գրկեց, երբ տուն գնաց։ Նաև հայրիկին էր շատ կարոտում։ Առանց վախենալու, որ մայրիկը կնեղանա, պնդում է, որ ամենաշատը հայրիկին է սիրում, որովհետև նա օրերով տուն չի գալիս ու օգնում է մարդկանց։ Ռոմիկի համար դա կարևոր է։ Ասում է, որ առանց միմյանց օգնելու մարդիկ ճիշտ չեն ապրի։ Օրինակ` իրեն օգնել են բժիշկները, ուրեմն ինքն էլ պարտավոր է ուրիշներին օգնել։

ապարանցի Ռոմիկ

«Մարդ պետք լավ տրամադրվի ու լավ բաների մասին մտածի։ Միշտ օգնի ինքն իրեն ու բոլորին», – ասում է Ռոմիկը։

Երբ տխրում է` սկսում է պանդաների մասին մուլտեր նայել։ Կարծում է, որ իրեն են նման` թմբլիկ են ու բարի։ Կուզեր տանը պանդա պահել։ Անունն էլ Ռոմիկ կդներ. իր անունը շատ է սիրում։ Իսկ մեքենաներից «Յաշիկ» (Gelenvagen,–խմբ.) է սիրում, պարտադիր սև գույնի։ Եթե շատ փող ունենար, ամբողջը կծախսեր այդ մեքենան գնելու համար։ 

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով