ՄամուլՔաղաքականություն

Դուք չարով եկաք, տղերք․ Մերուժան Տեր-Գուլանյան. «Հրապարակ»

Դուք չարով եկաք, տղերք․ Մերուժան Տեր-Գուլանյան

Hraparak.am-ը գրում է․ Գրող-հրապարակախոս, լրագրող Մերուժան Տեր-Գուլանյան հետ զրուցեցինք մամուլի վիճակի և ատելության մթնոլորտի վերաբերյալ՝ նրան հարցնելով, թե ինչպե՞ս է գնահատում մամուլի և խոսքի ազատության վիճակը Հայաստանում այժմ․

«Չի կարելի մամուլին ձեռք տալ, ընդհանրապես չի կարելի մամուլի հետ կատակ անել, ով ուզում ես եղիր, մամուլը մեծագույն նվաճումն է։

Մենք խոսում ենք իշխանությունների մասին, խոսում ենք խորհրդարանի մասին, խոսում ենք կառավարության մասին։

Այո, սրանք լրջագույն իշխանություններ են պետություն կառուցելու համար, բայց կարևորագույն իշխանություններից մեկը մամուլն է՝ 4-րդ իշխանությունը։

Ես ամբողջ կյանքս մամուլում եմ աշխատել, ինձ համար շատ դժվար է եղել խորհրդային միության շրջանում տպել «Սոլժենիցին», երբ որ ռուսերեն չէր տպվել, ես հայերեն տպել եմ։

Ստացել եմ 13 նկատողություն, որոնցից 6-ը վերջին նախազգուշացումով։ Երբ ինձ  «Ցէ Կա» էին կանչում, գնալիս երեխաներին ասում էի՝ «Երեխե՛ք, գնում եմ «Ցէ Կա», եկա -եկա, չեկա -չեկա։

Այսպիսի կատակներ էի անում։ Բայց Աստծուն փառք՝ Կարեն Դեմիրճյան կար, Դեմիրճյանը խոսում էր վրաս, ասում էր՝ իմ գործը քո վրա խոսելն է, քո գործը  քո աշխատանքն անելն է, դու ճիշտ ես անում, ուրիշ բան է, որ ես քո վրա խոսում եմ, ես դա պարտավոր եմ անելու։

Հիմա ես չգիտեմ, թե իշխանության անդամներից ով է, որ կարող է ասել՝ գիտես ինչ, իմ գործը քեզ քննադատելն է, բայց դու քո գործը պիտի անես։

Սա շատ կարևոր սկզբունք է, որովհետև ինքը պատասխան էր տալիս Մոսկվային, ինքը ինձ պիտի նկատողություն տար, պիտի Մոսկվային ցույց տար, որ ինձ նկատողություն է տվել, հիմա ո՞ւմ պիտի ցույց տան, որ նկատողություն են տվել։ Մոսկվան չկա, մենք ու մենք ենք։

Հայաստանում այսօր հրաշալի մամուլ կա, փայլուն։ Այսօր թերթեր կան, հեռուստաընկերություններ կան, առաջինը պիտի ասեմ «Հրապարակ» թերթը, ես սիրում եմ ձեր թերթը, պարզապես սիրում եմ, ինքը սուտ չի գրում, չի հորինում, ինքը գրում է այն, ինչ կա։

Այլ խնդիր է, թե ինչպես է մեկնաբանում, դա արդեն լրագրողի և մամուլի խնդիրն է, և լավ է, որ այդպես է։ Բա պետք է տեսակետ լինի, եթե տեսակետ չկա , ի՞նչ ենք անում, ինչո՞ւ ենք անում։

Չի կարելի, մամուլը կրակ է, կրակի հետ խաղ չի կարելի անել։ Ի դեպ ասեմ՝ մամուլի օրենքի հեղինակը ես եմ»։

– Բայց Ձեր հեղինակած օրենքը արդեն հին են համարում, ուզում են փոխել։ Կա՞ փոփոխությունների կարիք, և ո՞վ պետք է փոխի։

– Ոչ։ Մի փոքրիկ փոփոխություն եղավ, հիշում եմ՝ այդ մարդու ազգանունը Աբովյան էր։ Իրենք ուզում էին մամուլի օրենքի փոփոխություններ անել, շատ փոքրիկ ինչ-որ բաներ արեցին ու խճճեցին։

Վերցնենք 1991 թվականի հոկտեմբերի 16-ին ընդունված օրենքը, որը ես եմ ներկայացրել Գերագույն խորհրդում։ Օրենքը՝ սկսվում էր այսպես՝ «ՀՀ-ում մամուլը ազատ է և գրաքննության չի ենթարկվում»։

Որևէ մեկը իրավունք չունի՝ ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ Ազգային ժողովի տարաշխարհիկ պատգամավորները, որոց թվում է, թե իրենք հասկանում են, որոնց թվում է, թե իրենք ձիու վրա են, և հիմա ինչ ուզեն, կանեն, օրենք կփոխեն, այսինքն՝ ձի նստելուց Աստծուն մոռացել են արդեն։

Այդպիսի կատարկներ չի կարելի անել, ես կգնամ, ապստամբություն կբարձրացնեմ։ Ձեռնասուն մամուլը, որքան էլ տարօրինակ է, ստեղծվեց առաջադեմ մարդու՝ Գորբաչովի ժամանակ։

Երբ Գորբաչովին կալանավորեցին Ղրիմում, մամուլը չկարողացավ նրան պաշտպանել, որովհետև ինքը մամուլին ձեռնասուն էր սարքել։

Աստված չանի՝ վաղը Նիկոլին ձերբակալեն, մամուլը չի պաշտպանելու իրեն, այն մամուլը, որին ինքը ձեռնասուն է սարքել, որովհետև այն պիտի անմիջապես անցնի ձերբակալողի կողմը։

Մամուլը պիտի ազատ լինի, մամուլը պիտի ասի այն, ինչ կա, սակայն լրագրողը կարող է նաև իր ենթադրությունները ունենալ, իր մեկնաբանություններն ունենալ։ Մի բան է սոսկ փաստը արձանագրել, մի այլ բան՝ փաստի շուրջ խորհրդածել։

– Դուք նշում եք, որ հիանալի մամուլ ունենք, բայց իշխանության ներկայացուցիչները այդ կարծիքին չեն, անընդհատ խոսում են «ֆեյքնյուզի» մասին, նույնիսկ այդ մասին են խոսում ԵԽԽՎ բարձր ամբիոնից,  են քրեականացնելու մասին են խոսում։ Հայաստանո՞ւմ կեղծ լրատվությունը, Ձեր կարծիքով, օրախնդիր հա՞րց է, և արդյոք իշխանությո՞ւնը պետք է պայքարի դրա դեմ։

– «Ֆեյքնյուզն» ա՞յն է, որ ամեն մեկը իր տանը նստած խմբագիր է, ինչ ուզում, գրում է։ Ո՞վ է դա ստեղծել, սկսենք այդտեղից։

Էդ դեպքում պետք է քրեականացնեն այն մարդկանց, որոնք երբ մենք մի բան ենք գրում, մեր դեմ ինչեր ասես գրում են։

Ես ոչ ոքի դեմ ոչինչ չեմ գրում, կամ կարդում եմ, կամ չեմ կարդում։ Եթե նույնիսկ չեմ հավանում, ի՞նչ անենք, մարդ է, գրել է, իր գործն է։

Ես Ֆեյսբուք չեմ մտնում, մեր ժողովրդին ասեմ, որ չուրախանան, ինչ էլ գրում են, ես չեմ կարդում, ինչ ուզում եք, գրեք։ Բայց այդ սև մշակույթը բերել խառնել․․․, չնայած որ որշ մարդկանց կարծիքով սևը մենք ենք, այդ սև մշակույթը մամուլի հետ խառնելը խորապես սխալ է։

Մամուլի խնդիրը լրիվ այլ բան է , այլ բան է, որ մարդիկ անհասկանալի աղբյուրներից վճարվելով գրում են բոլոր նրանց դեմ, ովքեր հանկարծ իշխանությունների դեմ որևէ բան են գրում։

Դրանց բռնեք, կանգնեցրեք դրանց, փող մի տվեք, էլ չեն գրի, վերջանում են։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով