Մամուլ

«Դա իր խոսքերի համար պիտի պատասխան տա, եթե շարունակեց՝ ավելի բեթարն եմ անելու»․ Մարտի 1-ի զոհի հայրը՝ Արամ Հարությունյանին

«Դա իր խոսքերի համար պիտի պատասխան տա, եթե շարունակեց՝ ավելի բեթարն եմ անելու»․ Մարտի 1-ի զոհի հայրը՝ Արամ Հարությունյանին։ «Ազգային համաձայնություն» կուսակցության հիմնադիր Արամ Հարությունյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադարձավ սեպտեմբերի 13-ին Շենգավիթի դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպին:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ավարտից հետո, դատարանի տարածքից դուրս, Արամ Հարությունյանը հարվածել էր մի տարեց կնոջ՝ Սվետլանա Միքայելյանին, իր պնդմամբ, իրեն «թուրք» անվանելու համար:

Հետո, երբ ոստիկանները Հարությունյանին հեռացնում էին և փորձում նստեցնել ոստիկանական մեքենան, մի խումբ քաղաքացիներ էին մոտեցել նրան, այդ թվում Մարտի 1-ի զոհերից՝ Արմեն Ֆարմանյանի և Գոռ Քլոյանի հայրերը, Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը հարվածել էր Հարությունյանին:

Արամ Հարությունյանն այսօր ասուլիսին խոսելով միջադեպի մասին, մասնավորապես այդ տարեց կնոջ մասին, ասաց.

«Եվ տղամարդիկ և կանայք վատ արտահայտություններ էին անում, ասում՝ թուրք, ու ավելի վատ բաներ: Մեր հետևից էին գալիս, ու երբ մոտեցան հավասարվեցին մեզ, մեկն ասաց՝ թուրք, բալիդ թաղեմ, ու ինձ համար արդեն սահմանն անց էր: Եվ ես հարվածեցի: Խնդիրն այն է, որ այս ամբողջ կեղտը կա ֆեյսբուքում, այս տարիքով կինը, բնականաբար ֆեյսբուքից չի օգտվում, բայց կարելի է ասել, որ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի քայլող ֆեյքերից է:

Եվ այդ հարվածը, որի համար, որպես կին, ես ցավում եմ, բայց մյուս կողմից էլ այդ հարվածը դիտում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Գեղեցիկ չստացվեց, որ հարվածը ստացավ այդ կինը, բայց նման կարգի մարդիկ, անկախ սեռից, պիտի հասկանան, որ կստանան արժանի պատասխան»:

Ապա Հարությունյանն ասաց. «Ես ուղղակի ցավում եմ, ես հորդորում եմ, ես ներում եմ Ֆարմանյանին, որովհետեւ, չեմ ուզում վատ բան ասել, իրենք օգտագործվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նույն Ֆարմանյանը օգտագործվում է, շատ ներողություն, ի վերջո, վերեւից իրենց զավակները նայում են, շատ մարդ գիտի, ինչ է եղել…»:

Վաչագան Ֆարմանյանն ասաց՝ Արամ Հարությունյանը դեռ պետք է պատասխան տա իր հայտարարությունների համար. «Դատախազություն եմ գնալու ու պահանջելու եմ գա պատասխան տա՝ ոնց թե զավակիս արյունը ծախել եմ»:

Վաչագան Ֆարմանյանը պատմեց, որ երբ դատական նիստից հետո դուրս էին եկել դատարանից, ինքն ու Սարգիս Քլոյանը տեսել են, թե ինչպես են մարդիկ վազում.

«Մոտեցանք, տեսանք մի երիտասարդ գետնին է: Ասացին՝ քացով տվել, խեղճին ջարդել են: Հետո տեսանք, որ Արամ Հարությունյանին ոստիկանները տանում են, ինքն էլ վատ բաներ էր ասում, իմացանք, որ էդ տարեց կնոջը խփել էր: Քլոյանը Հարությունյանին ասաց՝ չե՞ս ամաչում, Ազատության հրապարակում Նիկոլի հետեւից ման էիր գալիս: Ու երբ ոստիկանները մեքենան էին ուզում նստեցնել, դա ասում էր՝ ձեր որդիների արյունն եք ծախում: Ու ես համբերությունից դուրս եկա, ու խփեցի»:

Վաչագան Ֆարմանյանն ասաց, որ Հարությունյանի այդ խոսքերը խորը վիրավորում է իր ազնվությունն ու զգացմունքները.

«Դա իր խոսքերի համար պիտի պատասխան տա, եթե շարունակեց՝ ավելի բեթարն եմ անելու: Ի՞նչ է նշանակում Լեւոնի կամ Նիկոլի մարդն ենք: Նախ իրեն ենք ընտրել, վատ կաշխատի՝ կգնա: Մենք որ մեկից ենք գումար վերցրել, որ էդպիսի բան է ասում, չի՞ ամաչում: Ասա՝ տո դու ինձ կամ իմ որդուն ճանաչո՞ւմ ես, որ էդպես ես խոսում: Ես սա էսպես չեմ թողնելու: Ծախել կլիներ եթե անուն-ազգանունս ջնջեի՝ գնայի կանգնեի Քոչարյանի կողքը: Լավ է, շատ հունից դուրս չեկա, մի հատ խփեցի: Իրենց այ էդպես են պահել, որ 10 զոհ ունեցանք, պարզ է ամեն ինչ»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով