Շոու-բիզնես

Գյումրու թատրոնը Ապրիլյան պատերազմի մասին իրական փաստերի վրա հիմնված բեմադրություն կներկայացնի, որի կոմպոզիտորն է Հայկոն

Aysor.am – ը գրում է.

Գյումրեցի երիտասարդը ծառայությունից վերադառնում է հայրենի քաղաք՝ Թալիշում թողնելով սիրած աղջկան: Ամուսնությունը նախատեսված էր հենց ապրիլի սկզբին, սակայն պատերազմը երազանքները կիսատ թողեց… Սա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ 2 գործողությամբ ու երկու ժամ տևողությամբ նոր ներկայացման հակիրճ բովանդակությունն է, որի պրեմիերան, շուրջ մեկ տարվա ստեղծագործական աշխատանքից հետո, տեղի կունենա մայիս ամսին: Իրական պատմությամբ ու նոր շնչով բեմադրված ներկայացում՝ Ապրիլյան պատերազմի թեմայով: Պիեսը գրվել է Մշակույթի նախարարության պատվերով՝ հատուկ Գյումրու թատրոնի համար: Հեղինակն Անահիտ Աղասարյանն է, բեմադրիչը՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

«Այս ներկայացումը նվիրված է քառօրյա պատերազմին: Պիեսը գրվել է իրական դեպքերի հիման վրա, սակայն, բնականաբար, ունի գեղարվեստական լուծումներ: Սա խոնարհում է և՛ այն բոլոր տղերքին, ովքեր այդ օրերին առաջնագծում էին, և՛ նրանց, ովքեր թիկունքում ամեն ինչ արեցին, որպեսզի սահմանում գտնվողները թե՛ նյութապես, թե՛ հոգեպես որևէ բանի կարիք չունենան, հասկանան, որ մեկ ազգ-երկու պետություն կանգնած են իրենց կողքին», – Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:

Ներկայացման մեջ հերոսների իրական անունները չեն պահպանվել, քանի որ նրանց բացահայտվելը կարող էր հանդիսատեսի մոտ հուզական ֆոնն առավել սրել: Ինչպես թատրոնի տնօրենն է նկատում՝ չէ՞ որ հանդիսատեսի շարքերում կարող են լինել նաև զոհված տղաների ծնողներն ու մտերիմները, ապրիլյան պատերազմին մասնակից տղաները:

Գյումրեցի զինվորին մարմնավորելու է դերասան Տարոն Գրիգորյանը, թալիշցի հարսնացուին՝ Ջեմմա Ադամյանը: Բեմում են լինելու նաև ՀՀ ժողովրդական արտիստուհի Անահիտ Քոչարյանը, ՀՀ Վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, Արսեն Սաղաթելյանը և այլք:

Տիգրան Վիրաբյանը վստահ է՝ այս ներկայացումը դառնալու է Գյումրու դրամատիկական թատրոնի 2018 թվականի լավագույն ներկայացումներից մեկը, քանի որ թեման կարևոր է բոլորի համար:

 

Մանրամասն՝ այստեղ

Կիսվել էջում