Մամուլ

«Գիշերը հրաշքի պես եղբայրս զանգել է մորս, դա վերջին զանգն էր, որը տևեց ընդամենը վայրկյաններ»

2023 թվականի սեպտեմբերյան դեպքերն ամբողջությամբ փոխեցին արցախցիների կյանքը։ Պատերազմը, գաղթի ճանապարհը, վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունն ու խուճապը դարձան հարյուրավոր կիսատ կյանքերի պատճառ։ Նույնքան կին այրիացավ, երեխաներ որբացան, տան լույսեր մարեցին, շատերի մոտ սիրելիից մնաց նշանդրեքի մատանին, իբրև սիրո առհավատչյա։ 

Մարտակերտից Նելլի Ժելեզնյակն այս պատերազմում կրկնակի հարված է ստացել։ Սեպտեմբերի 20-ին միևնույն դիրքում անմահացան նրա ամուսինն ու հարազատ եղբայրը։ Կտրվել են երիտասարդ կնոջ թևերը։

«Ցավը քայքայում է ներսից, կարոտում եմ, խելագարվում, գնում եմ Եռաբլուր ու իրենց փոխարեն գրկում սառը հողը։ Կռիվ եմ տալիս իրենց հետ․ ձեր նման տղերքի ծնողներն էսքա՞ն կխեղճանան։ Նայում եմ ծնողներիս ու ամուսնուս ծնողների աչքերին՝ ցավում է սիրտս, նրանք, որ պիտի ինձ ուժ տան, իրենք են ցավից կուչ եկել»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Նելլին։ 

Նելլիի եղբայրը՝ Լավրենտ Հայրիյանն ու ամուսինը մանկության ընկերներ են։ Ամուսինը՝ Ռոբիկ Ժելեզնյակն ազգությամբ ռուս է, բայց ծնվել ու մեծացել է Մարտակերտում։ Նելլին հիշում է, որ ընկերությունն այնքան ջերմ ու փոխադարձ վստահության վրա էր կառուցված, որ փոքր տարիքից մինչև մահ եղել են միասին։ 

«Միասին դպրոց են հաճախել, հետո ընդունվել ուսումնական հաստատություն՝ Ստեփանակերտում միասին են ապրել, միասին բանակ զորակոչվել, հետո որոշում կայացրել ծառայությունը շարունակել պայմանագրային հիմունքներով։ Հաճախ էր գալիս մեր տուն, այսպես ասած՝ իր աչքի առաջ եմ մեծացել։ Երբ ընդունվել եմ համալսարան, ստացա առաջարկություն։ 2019-ին ամուսնացանք։ Նրա կողքին ես աշխարհի ամենաերջանիկ կինն էի, ափսոս չհասցրեցինք երեխա ունենալ»,- ասում է կինը։ 

Լավրենտ Հայրիյանը ևս ամուսնացած էր։ Թագուհու հետ պաշարման պայմաններում շատ դժվարությունների են հանդիպել, հետո շրջափակված Արցախում առաջնեկն է լույս աշխարհ եկել։ Որդին երկու ամսական չկար, երբ հայրը գնաց դիրքեր․․․ չվերադարձավ։

«Լավոն հիմնականում տեսազանգով էր շփվում երեխայի հետ, անընդհատ դիրքերում էր։ Բայց այնպես էր ուրախացել, որ առաջնեկը տղա է, հորս պատվին նրան Կարեն կոչեց»։ 

Նելլիի խոսքով, եղբոր ընտանիքը համեստ կենցաղով էր ապրում, իսկ Լավրենտը շատ երազանքներ ուներ, ամենից շատ նա խոսում էր խաղաղության մասին, որի համար էլ պայքարում էր, ամիսներով դիրքերից չէր իջնում։

«Երբ իրավիճակն օր օրի ավելի էր սրվում, ես ամուսնուս ասացի՝ արի մենք էլ Կարմիր խաչով դուրս գանք, ամեն դեպքում լավ բան չի սպասվում այստեղ, Ռոբիկն ասաց. «Նելլի, ես դուրս եկա, ենթադրենք Լավրենտն էլ դուրս եկավ ընտանիքով, կողքից մեր օրինակին հետևեն էլի մի քանի ընտանիքներ ու լքեն Արցախը, վերջը ո՞վ պիտի պահի էս հողերը։ Սիրահարված էր Արցախին, ես չգիտեմ 2-րդ մեկին, ով ավելի շատ էր սիրում այդ հողը»,- ասաց երիտասարդ կինը։ 

Սեպտեմբերի 18-ին Ռոբիկը զանգել է Եղնիկներից, Նելիի խոսքով՝ սովորականից շատ է խոսել, քննարկել են ամենատարբեր թեմաներ, իրար խոստովանել, որ կարոտել են, քանի որ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած հերթափոխն այս անգամ ավելի երկար է տևել։ 

«Ինքն ուշ ժամերի չէր զանգում, այս անգամ նույնիսկ ես զարմացա, որ այդքան ուշ էր զանգել ու այդքան շատ էր խոսում։ Հաջորդ օրը ես աշխատավայրում էի, երբ պատերազմը սկսվեց։ Մենք ապաստանել էինք բժշկական կենտրոնի նկուղում։ Ժամեր անց դիրքերից «սկորիներով» իջեցնում էին վիրավորում ստացած տղաներին ու դիակներ։ Ամեն մահացածի հետ մեռնում էի, վիրավորի հետ նույն ցավն ապրում։

Ես միայն աղոթում էի Ռոբիկի, Լավրենտի ու բոլորի համար։ Արցախում կապ չկար, նրանց հետ խոսելն անհնար էր։ Գիշերը հրաշքի պես եղբայրս զանգել է մորս, դա վերջին զանգն էր, որը տևեց ընդամենը վայրկյաններ։ Հարցրել է բոլորից, ասել, որ ապահով տեղ մնացեք, դուրս չգաք»,- կյանքի ամենածանր օրն է վերհիշում Նելլի Ժելեզնյակը։ 

Եղնիկների 06 դիրքում մարտերը սովորականից թեժ էին։ Այդ ուղղությամբ հայկական փոքրաթիվ զորքը թշնամուն ուժեղ հակահարված է տվել, իսկ Ադրբեջանի զինուժը կիրառել է հեռահար հրթիռներ ու ավիացիոն հարվածներ։ Մարտական դիրքի անձնակազմը՝ բացառությամբ մեկ հոգու, սեպտեմբերի 20-ի լուսաբացին անմահացան թշնամու օդուժի հարվածից։ Տեղում զոհվեցին նաև մանկության ընկերները՝ Ռոբիկ Ժելեզնյակն ու Լավրենտ Հայրիյանը, Նելլիի ամուսինն ու եղբայրը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում