Մամուլ

Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ հայտնի է ինչ խափանման միջոց է որոշվել

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ արտասահմանում գտնվող որդիների՝ Արտյոմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանն այսօր խափանման միջոց գրավը փոխեց կալանքով։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանների պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Խաչատրյանները առողջական խնդիրների պատճառով չէին կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին, սակայն հանրային մեղադրողը միջնորդել է գրավը փոխել և կիրառել կալանք։

«Մենք առարկեցինք այդ միջնորդության դեմ՝ հիմնավորելով, որ օրենքը նախատեսում է՝ եթե անձը հարգելի պատճառով չի ներկայացել նիստին, ապա խափանման միջոցը չի կարող փոփոխվել։ Այն կարող էր փոխվել միայն անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում։

Դատարանին ներկայացրել ենք առողջական վիճակին վերաբերող փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ նրանք այս պահին չէին կարող թռիչք իրականացնել։

Նրանք պետք է անցնեն անհրաժեշտ հետազոտություններ, հետո նոր կարողանան մեկնել։

Ընդամենը պետք էր սպասել երկու օր»,- ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ երկու տարվա ընթացքում բազմաթիվ դատական նիստեր են եղել, և չի եղել որևէ դեպք, երբ Խաչատրյանները չներկայանան, և նիստը նրանց պատճառով հետաձգվի։

Կիսվեք ձեր էջում