Մամուլ

Բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում, հրդեհվել և վերածվել մոխրակույտի

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը, սակայն բեռնատարն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի մակնիշը և վիրավոր վարորդի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կմ-ից։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում