Գետն ընկած տղան նոր էր եկել բանակից
Կողբի երկրորդ դպրոցի ֆեյսբուքյան էջը գրել է. «Կան կորուստներ, որոնց առաջ բառերը խոնարհվում են, իսկ միտքը հրաժարվում է հավատալ կատարվածին…
Ասում են՝ ջուրը կյանք է, բայց այսօր ջուրը դարձավ անողոք մի դահիճ։ Անհավատալի գույժը ցնցեց ողջ գյուղը և կանգնեցրեց ժամանակը։
Ընդամենը երեք տարի առաջ մեր լուսավոր ու ազնվափայլ շրջանավարտը՝ Գառնիկը, թևերը պարզած դուրս թռավ դպրոցի պատերից, զինվորագրվեց հայրենիքին, իսկ հիմա պատրաստվում էր բարձունքներ նվաճել։
Սակայն անիծյալ բարձունքն ու ջրի անդունդը դարձան նրա կյանքի վերջին ողբերգական հանգրվանը։ Մի ակնթարթում ընդհատվեցին անավարտ կյանքի բոլոր երազանքները։
Անհավանական է, անփարատելի…
Ծանրագույն այս պահին դպրոցի ողջ անձնակազմը ծնկում է Գառնիկի ողբերգության ցավի, ծնողների անսփոփելի վշտի առաջ և ասում․ «Ձեր և մեր լուսե տղայի հիշատակը հավերժ կապրի դպրոցի պատերի ներսում և մեր սրտերում»։
Երկնային անդորր քեզ, Գառնի՛կ ջան, մեր հավերժ լուռ ու անժամանակ թռած հրեշտակ»։
Ինչպես արդեն հայտնել էինք հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, 21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ցատկել է գետը և գլխով հարվածել քարին։



