Աշխարհ

Բաքվում ոստիկանությունը ուժով ցրել է ընդդիմության բողոքը. կան ձերբակալվածներ

Բաքվում ոստիկանությունը ուժով ցրել է ընդդիմության բողոքը. կան ձերբակալվածներ

Բաքվում ակտիվիստ Բախտիյար Հաջիեւին սատարող ակցիայի մեկնարկից կես ժամ առաջ ուժայինները ձերբակալել են դրա կազմակերպիչներին,  «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության երեք համահիմնադիրների, ապա սկսել են ակտիվիստների ձերբակալությունները, որոնք Հաջիեւին սատարող կարգախոսներ են վանկարկել, գրում է News.am-ը։ 

«Հանրային քաղաքականության ինստիտուտի» ղեկավար Բախտիյար Հաջիեւը, որը մեղադրվում է խուլիգանության եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, կալանքի տակ է:

Դեկտեմբերի 15-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվել է բավարարել Հաջիեւի ձերբակալության բողոքը, եւ ակտիվիստը հացադուլ է հայտարարել։ Հաջիեւը Բաքվի մեկուսարանում ծաղրանքի է ենթարկվել։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը։ Հացադուլի յոթերորդ օրը նա զննվել է բժիշկների կողմից։

ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից տեղեկություն է խնդրել կալանավայրում Հաջիեւի անվտանգության ապահովման մասին։ Ակտիվիստը Բաքվի վերաքննիչ դատարանի որոշումը քաղաքական է անվանել եւ հայտարարել է, որ շարունակելու է հացադուլը։ 

Դեկտեմբերի 23-ի գիշերը եւ այսօր առավոտյան ձերբակալվել են 17 ակտիվիստներ՝  «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության 13 անդամներ, Ադրբեջանի Ժողովրդավարական բարօրության կուսակցության երկու անդամներ, «ժողովրդավարություն-1918» շարժման երկու ակտիվիստներ եւ «Կավկազսկի ուզել» թերթի թղթակիցը։

Ակցիայի մեկնարկից կես ժամ առաջ ձերբակալվել էին ակցիայի կազմակերպիչները՝ «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիրներ Ռուֆաթ Սաֆարովը, Զաֆար Ահմեդովը եւ Զաուր Աքփերը։

Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել Շատրվանների հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցներին։

Ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է ցուցարարներին, որոնք վանկարկել են՝ «Ազատություն Բախտիյար Հաջիեւին», «Մի՛ սպանիր, այլ ազատիր», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն, արդարություն, ազգային կառավարություն»;

Ձերբակալվածների թվում է նաեւ «Ամերիկայի Ձայնի» ադրբեջանական խմբագրության լրագրող Թյուրքյան Բաշիրը։

Լրագրողն ասել է, որ իրեն ձերբակալել են՝ չնայած նրան, որ ունեցել է լրագրողական հավաստագիր, եւ գործընկերները հաստատել են, որ ինքը լրագրող է։ Այնուհետեւ նրան ազատ են արձակել ոստիկանական ավտոբուսից։ 

Share