Մամուլ

Բանակում բարդակ էր, 1.5 օր պոստում մնացինք, հետո եկան, ասացին, որ ինչ կա-չկա, թողնենք ու գնանք. արցախցի պայմանագրային զինծառայող

Բանակում բարդակ էր, 1.5 օր պոստում մնացինք, հետո եկան, ասացին, որ ինչ կա-չկա, թողնենք ու գնանք. արցախցի պայմանագրային զինծառայող

Ստեփանակերտցի 22-ամյա Արթուր Դ.-ն պայմանագրային զինծառայող է եղել, ծառայել է Արցախի ՊԲ զորքերում։ Արթուրի համար էլ են շատ հարցեր անհասկանալի, բայց մի բանում վստահ է, որ ինչ-որ թաքուն պայմանավորվածության արդյունքում նախ դատարկվեց, հետո ամբողջությամբ հայաթափվեց Արցախը։ Oragir.News-ի հետ զրույցում արցախցի պայմանագրային զինծառայողը պատմել է վերջին պատերազմում տեսածի ու լսածի մասին։

Նախքան զրույցը սկսելը՝ Արթուր Դ.-ն ասում է, որ երբ 2022 թվականի դեկտեմբերի 11-ին ադրբեջանական կողմը միակողմանի փակեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, ինքը վստահ էր, որ ճանապարհը միայն ուժով է հնարավոր բացել։

«Ամեն ինչ էնքան պարզ էր, ո՞վ չգիտեր, որ առանց կռվի միջանցքը չէր բացվելու։ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արեցին, որ ռուս խաղաղապահներն էլ մեզ չօգնեն։ Ես անձամբ, երբ խոսում էի խաղաղապահների հետ, նրանց տրամադրվածությունը զգում էի։ Հայաստանի իշխանությունները Ուկրաինա հումանիտար օգնություն էին ուղարկում, չգիտես ինչ էին անում, դրա համար էլ այսպես եղավ»,-ասում է պայմանագրային զինծառայողը։

Արթուրն ասում է՝ ընդամենը 22 ժամ տևեց կռիվը, ասում է գուցե իրավիճակը լրիվ այլ լիներ, եթե ՊԲ-ում կարգուկանոն լիներ։

«Պիտի ասեմ, որ 44-օրյա պատերազմից հետո ՊԲ-ի շարքերում կարող էին հայտնվել պատահական մարդիկ, ո՛չ կրթություն էր պետք, ո՛չ էլ այլ չափորոշիչ։ Շատերը ՊԲ շարքերը համալրում էին պատերազմում ամուսին, որդի կորցրած մարդիկ։ Զենք կար, սուտ ա, թե զենք չկար… էսպես ասեմ`կռվողը կռվեց, փախչողը փախավ, բայց չեմ էլ կարող չասել, որ բանակում բարդակ էր, դրա համար էլ զորքը մեկ օր չկարողացավ կռվել։

1.5 օր պոստում մնացինք, հետո եկան, ասացին, որ ինչ կա-չկա, թողնենք ու գնանք չաստ։ Հետո սկսեցին պանիկա տարածել, որ թուրքի միլիցիան քաղաքում շրջում է, վառեք զինվորական ֆորմաներն ու դակումենտները։ Մեզ ասացին՝ կռիվը դադարել է, ադրբեջանցիները արդեն հասել էին Ստեփանակերտի մատույցներ»,-պատմում է պայմանագրային զինծառայողը։

Կիսվել էջում