Մամուլ

Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. այրվում է հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը․ երթևեկությունը երկկողմանի փակ է

Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. այրվում է հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը․ երթևեկությունը երկկողմանի փակ է

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատվորեն ժամաել են ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ:

Այս պահին այրվում է հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենան և կրակն ու ծուխը տեսանելի է մոտ 1 կմ հեռավորությունից: Հրշեջները հեռվից են փորձում ջրով մարել կրակը:

hrshejner

Ամեն պահի հնարավոր է, պայթյուն տեղի ունենա: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը: Երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է:

Տեղում աշխատում են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

hrshejner marel

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները, ովքեր սպասում են, մինչև հրշեջները մարեն կրակը, որ կարողանան գործողություններ կատարել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

Կիսվել նյութով