ՄամուլՏեսանյութ

«Արսեն Թորոսյանը նստելու է. նա 50-ից ավելի մարդու գլուխ է կերել իր հանցավոր անգործության հետևանքով». Միհրան Հակոբյան (Տեսանյութ)

«Արսեն Թորոսյանը նստելու է. նա 50-ից ավելի մարդու գլուխ է կերել իր հանցավոր անգործության հետևանքով». Միհրան Հակոբյան

168.am-ը գրում է․ Հայաստանում արդեն երրորդ անգամ երկարացված արտակարգ դրությունը՝ առանց սահմանափակումների, առհասարակ արդյունավետ չէ, թեև մեր երկրում անգամ սահման փակումներով հաստատված արտակարգ դրությունն էր ոչ արդյունավետ։ 

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

«Մենք այսօր ունենք ռեկորդային վարակվածների թիվ, և ընդհանուր 50-ից ավելի մահերի դեպքում սահմանափակումները հանել և թողնել ձևական ինչ-որ բաներ, ցույց է տալիս, որ ՀՀ գործող վարչախումբը խոստովանում է, որ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, կազմակերպչական աշխատանքները, պետական կառավարումը և մարդկանց առողջությանն է սպառնում։

Այդ 50 մահերի պատասխանատվությունը ՀՀ գործող կառավարությունը, ղեկավարի գլխավորությամբ, դեռ կրելու է։ Չի կարող լինել այնպես, որ մտցվի արտակարգ դրություն, որը խթանի վարակի տարածումը»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

Ըստ նրա՝ կառավարությունը ձախողել է իրավիճակի կառավարումը, և դրա ապացույցը Վրաստանի հետ համեմատությունն է, որովհետև ՀՀ Կառավարության ապաշնորհության պատճառով ունենք 50-ից ավելի մահ։

«Վրաստանին նայեք, այն տարանցիկ առումով ավելի բաց երկիր է, քան Հայաստանը, բայց տասնյակ անգամներ ավելի քիչ են վարակակիրները, լավ, ինչպե՞ս դա եղավ։ Ինչո՞ւ եղավ այդպես Վրաստանում, որովհետև Վրաստանի իշխանությունները «թուլեքի թագավորություն» չեն կառուցել, իսկ Հայաստանում կառուցված է ստի և կեղծիքի մի իշխանություն, որը, բառիս բուն իմաստով, տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը»,- ասաց Հակոբյանը։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այլևս պատասխանատվությունը պատվիրակում են ժողովրդին, այդ դեպքում ո՞րն է վարչապետի գործը։

«Դե, եթե պատասխանատվությունը պատվիրակում է ժողովրդին, ինքն ի՞նչ է անում այդ շենքում, ինչո՞ւ է հարկատուներից աշխատավարձ ստանում, պետական մեքենաներով շրջում։ Կառավարությունն ինչի՞ համար է, որ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի։

Դե, եթե այդպես է, եկեք բանակը ցրենք, ասենք՝ ժողովրդին ենք պատվիրակում ՀՀ արտաքին սահմանների անվտանգությունը։ Ձախողել են ու հիմա ասում են՝ պատասխանատվությունը պատվիրակում ենք ձեզ, ուզում եք՝ ապրեք, ուզում եք՝ մեռեք»,- ասաց Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ արտակարգ դրության հերթական երկարաձգման նպատակը քաղաքական է, այն է՝ ամեն գնով հետաձգել հանրաքվեն ու վերջում էլ չեղարկել այն։

«Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե հանրաքվեի արդյունքն ինչ է լինելու, իսկ ավելի պատկերավոր՝ Հայաստանի ժողովուրդն իր գնահատականն է ներկայացնելու՝ տալով Փաշինյանի քաղաքական մահվան թուղթը։ Ինքը շատ լավ հասկանում է, որ քաղաքական դիակ է, և ամեն ինչ անում է, որ այդ թուղթը հնարավորինս ուշ հայտնվի. մեկ է՝ հայտնվելու է»,- ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ մայիսի 13-ին ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման հարցով Վենետիկի հանձնաժողով դիմելուն, ապա, ըստ Հակոբյանի, դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունը, ձեռք ու ոտք ընկած, փորձում է ամեն կերպ չեղարկել հանրաքվեն։

Դիտարկմանը՝ եթե հանրաքվեն չեղարկվի, ի՞նչ է լինելու այն 3.5 միլիարդ դրամի ճակատագիրը, որը հատկացվեց հանրաքվեի անցկացման համար, Միհրան Հակոբյան պատասխանեց. «Դա հարկատուի՝ այսօրվա ՀՀ սոված քաղաքացու գումարն է, և այդ գումարը պետք է վերադարձվի»։

Անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործունեությանը՝ Միհրան Հակոբյան պնդեց, որ այս ամբողջ ընթացքի պատասխանատուն, Նիկոլ Փաշինյանի հետ զուգահեռ՝ նաև Արսեն Թորոսյանն է։

«Արսեն Թորոսյանը նստելու է և շատ երկար տարիներ. նա այս 50-ից ավելի մարդկանց գլուխ ուտողների պատասխանատուներից մեկն է՝ գլխավոր պատասխանատուն։ Նիկոլ Փաշինյանին հավասար՝ գլխավոր պատասխանատուն Արսեն Թորոսյանն է։ Ժամանակը գա, ՀՀ իրավապահ մարմինները հետաքննություն կանեն, թե ինչքանո՞վ է Արսեն Թորոսյանը կոծկել, կեղծել։

Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն տեղեկատվությունը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շատ ավելի շուտ էր զգուշացրել իրադարձությունների մասին, բայց որպեսզի արտակարգ դրություն չմտցնեն, ձգեցին։ Չէին խոսում այդ ամբողջ փաստաթղթերի մասին, թե՛ կեղծիք կա, թե՛ հետին թվով ընդունած որոշումներ։

Կան մարդիկ, որոնք աշխատում են և այդ փաստերն ունեն։ Ժամանակը կգա, այս հետաքննությունները լինելու են, և հասարակությունն իրականում իմանալու է, թե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ի՞նչ է ասել Արսեն Թորոսյանին, ի՞նչ է զգուշացրել, և ինչպե՞ս է նա հետագայում վարվել ԱՀԿ-ի խորհուրդների, հորդորների, խորհրդատվական փաստաթղթերի հետ։

Այս ամենի պատասխանին շատ չի մնացել, բայց հիշեք՝ Արսեն Թորոսյանը նստելու է, նա 50-ից ավելի մարդու գլուխ է կերել իր անփութության, աշխատանքը ոչ պատշաճ կազմակերպելու, հանցավոր անգործության հետևանքով»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել էջում