Մամուլ

Արարատի մարզում Opel-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն. կան վիրավորներ. ձին տեղում սատկել է

Արարատի մարզում Opel-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն. կան վիրավորներ. ձին տեղում սատկել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հովհաննես Բ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող ձիուն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև մոտ 1 կմ «Opel»-ը առաջ է ընթացել և կագնել: Բախման հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ Երևանի բնակիչներ 50-ամյա Արուսյակ Ա.-ն և 25-ամյա Գոռ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բախման հետևանքով ձին սատկել է: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ոստիկնության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:

Օպերատիվ են գործել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկնաության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ: Ավտոմեքենայի տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Մանսուրյանն ու պարեկ Սամսոն Հավհաննիսյանը:

Իսկ ձիու ընկած վայրում տարածքը սահմանազատել են պարեկներ Արտաշես Միկիչյանն ու  Աղաբեկ Մինասյանը:  Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությու, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում