Շոու-բիզնես

Անդրեի և նախկին կնոջ միջև լարվածությունը խորանում է․ երգչի դեմ հաղորդում է ներկայացվել

Երգիչ Անդրեի և նրա նախկին կնոջ՝ Անի Օհանյանի միջև հարաբերությունները շարունակում են լարվել։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Անին օրեր առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախկին ամուսնու դեմ։

Ըստ հրապարակման՝ ամուսնալուծության և երեխայի խնամակալության վերաբերյալ ընթացող դատական գործընթացների շրջանակում Անդրեն դատարան է ներկայացրել բժշկական փաստաթղթեր, որոնք վերաբերում են նախկին կնոջ առողջական վիճակին։

Անի Օհանյանը դա գնահատել է որպես բժշկական գաղտնիքի հրապարակում և հաղորդման մեջ նշել, որ նախկին ամուսինը բժշկին դրդել է իրեն փոխանցել այդ փաստաթղթերը։

Նշվում է, որ Անի Օհանյանն ապրում է Ռուսաստանում, իսկ Անդրեն բնակվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։

«Հրապարակ»-ը հայտնում է, որ մի քանի օր շարունակ փորձել է կապ հաստատել երկու կողմերի հետ, սակայն նրանց զանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան։

Հիշեցնենք, որ Անդրեն և Անի Օհանյանը բաժանվել են նախորդ տարի։ Ավելի ուշ, երկարատև լռությունից հետո, Անի Օհանյանը սոցիալական ցանցում հրապարակում էր կատարել՝ փաստացի մեղադրելով երգչին ընտանեկան բռնության մեջ։

Անդրեն հերքել էր այդ մեղադրանքները, իսկ ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ դեպքի առնչությամբ ուսումնասիրություն է սկսվել։

Կիսվեք ձեր էջում