Մամուլ

Այսօր սաղի կաշիները քերթելով բյուջեն լցնում են. Գագիկ Ծառուկյան

Այսօր սաղի կաշիները քերթելով բյուջեն լցնում են. Գագիկ Ծառուկյան

Ինչը ես ասել եմ, իմ ասածներին տեր եմ, որը կարամ գրեմ, ստորագրեմ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ այսօր լսում է խոսակցություններ, որ վարկեր ունեցող քաղաքացիների համար անհատական, հատվածային մոտեցում են ցուցաբերելու. «1 մլն 650 հազար վարկառու պետք է գնա անհատական հանդիպման բանկերո՞ւմ:

Եղբայր, եթե օրական 50 հազար մարդ գնա բանկեր, դա արդեն 2 ամիս ժամանակ է պետք: Կամ այդ հարցը ո՞նց պետք է լինի, բարի ժպիտով ծանոթ-բարեկամո՞վ: Դա չաշխատող տարբերակ է:

Պետք է լինի, գլոբալ, ոլորտային որոշում, որ եթե արտակարգ իրավիճակ է, չեն աշխատում, բոլոր վարկերը պետք է սառեցվեն 3 ամիս ժամկետով:

Եվ չպետք է ասվի, որ երեք ամիս հետո այդ գումարները պետք է վճարվեն: Ոչ: Տնտեսությունը անդունդի եզրին է եւ եթե խելացի քայլեր չկատարվեն, ամեն ինչ թափվելու է անդունդը եւ դժվար է լինելու վերականգնել»,-հայտարարեց Ծառուկյանը:

Ծառուկյանը նաեւ հավելեց, որ ոչ բոլոր գործատուները կարող են իրենց կողմից աջակցել պետությանը. «Գործատուի ցավը տանեմ, ունի, աջակցի: 10 օր տվեց, օդի՞ց է տալու: Կամ նենց արտոնություններ են տվել գործարարներին, որ չգիտեն փողերը որտեղ ծախսե՞ն:

Այսօր հարկայինով դրած սաղի կաշիները քերթելով բյուջեն լցնում են: Հունվար-փետրվարին 25 մլրդ դրամ պակաս գումար է եկել, սկի բյուջեն չեն կարողանալու հավաքեն»:

Հարցին, թե եթե դուք մեկ ամիս վճարեք ձեր աշխատողներին, կսնանկանա՞ք, Ծառուկյանն արձագանքեց.

«Դու իմ մասին մի մտածի, դու մնացածի մասին մտածի: Ծառուկյանն իր աշխատողներին անպայման կպահի: Դու մտածի մնացած 3 մլն-ի մասին, որ վաղը խնդիր են առաջացնելու: Ծառուկյանն իր կոլեկտիվի կողքին կանգնած է: Ես միշտ էլ օգնել եմ, օգնելու եմ, բայց օգնելով այսօր երկիր չես պահի»:

Կիսվել էջում