Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան
Այնթափ գյուղում, այսօր՝ հոկտեմբերի 5–ին, հրաժեշտ են տալիս հոկտեմբերի 1–ին ավտովթարի հետևանքով մահացած 14–ամյա Միլենա Սողոյանին։
Գյուղացիներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց. «Գիշերվա ժամը 11-ն էր, տնից ենք վազել, տեսել։ Մեքենան շատ դանդաղ էր գալիս, բայց ինքը այն կողմից մի քիչ արագ է եկել։ Ինքը վերցրել է ուրիշի մոտոցիկլետը։ Ինքը միշտ քշել է, բայց այս անգամ առանց սաղավարտի է եղել, միշտ գլխին դրած էր քշում։ Արագության տակ եկել, խփել է։ Շատ ցավալի է, դժվար է երեխա կորցնելը, ես էլ եմ կորցրել երկուսին, գիտեմ՝ ինչ բան է դա։
Տարել են հիվանդանոց, հույս չեն տվել, այնտեղ ասել են, որ ողնաշարը ջարդվել է վզի մասում, կարող է չապրի»։
Միլենա Սողոյանի դասղեկ՝ Արմինե Սարգսյանն իր հերթին նշեց. «Դեպքի մասին տեղեկանցանք հոկտեմբերի 1–ի երեկոյան։ Ժամը 8:10-ի սահմաններում է դեպքը տեղի ունեցել։ Ահասարսուռ դեպք է։ Միլենան իմ չարաճճի աղջիկն էր, Միլենային յուրահատուկ եմ սիրում, մի փոքր անհնազանդ, բայց շատ սրտով, շատ լավ աշակերտուհի էր։ Միլանայենք ընտանիքում չորս երեխա էին, Միլենան ուներ իրենից բացի երկու քույր և մեկ եղբայր։ Միլենայի մասին շատ բան կարող եմ ասել, ինքը տարբերվող, յուրահատուկ երեխա էր։
Այդ օրը Միլենան բացակա էր, դասի չէր եկել։ Սովորաբար ինքը մի քիչ շատ էր բացակայում, իր մայրիկին էր ավելի շատ օգնում տանը։ Հայրիկը վատառողջ է, իրենք փորձում էին մայրիկին օգտակար լինել։
Այս տարի սեպտեմբերից ինքը խոստացել էր, որ պարբերաբար էր գալու դասի ու ինքը կարծես թե իր խոսքը պահում էր, շատ ոգևորված էր գալիս դասի, իններորդ դասարանը պիտի ավարտեր, մտածում էր, որ իր վերջին զանգը պիտի լինի, ոնց պիտի լինի։ Մեծ սպասումով էր սպասում այդ օրվան։
Այսօր պատրաստվում ենք գնալ երեխային վերջին հրաժեշտ տալու դասընկերների, կոլեկտիվի հետ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 1-ին ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10֊րդ փողոցում, «Արամե» մարկետի դիմաց բախվել են «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և անչափահա աղջնակի վարած մոպեդը։ Մոպեդավարը եղել է 14-ամյա Միլենա Սողոյանը։
Տեսանյութը ստորև․


