Աշխարհ

Այլևս երբեք. Դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը կոչ արեց ընդունել Հայոց ցեղասպանության բանաձևը

Այլևս երբեք. Դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը կոչ արեց ընդունել Հայոց ցեղասպանության բանաձևը։ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին քննարկման դրված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն անհրաժեշտ է ընդունել՝ հետագայում նմանօրինակ ողբերգություններից խուսափելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, պալատում մեծամասնություն կազմող Դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը։

«Այս բանաձևը ճանաչում է այն սարսափելի ու համակարգված ջանքերը, որոնք մեկ դար առաջ գործադրվեցին՝ ցեղասպանություն իրականացնելու հայ ժողովրդի դեմ։ Չի կարող լինել ժխտում Հայոց ցեղասպանությանը, որը ապացուցված է պատմական փաստաթղթերով և զգացմունքային վկայություններով։

Այն վերապրածների սերունդները մինչ օրս շարունակում են սգալ կատարվածը։ Կատարվածն էթնիկ զտումներ էին, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին իրականցրեց Օսմանյան կայսրությունը։ Կատարվածի հետևանքով զոհ գնացին շուրջ մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև այլ թիրախավորված խմբեր»,- նշել է Հոյերը։ 

Նա մեջբերել է այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը, որում ասվում էր. «Երբ թուրքական իշխանությունները զանգվածային տեղահանության հրամաններ էին տալիս, նրանք մի ամբողջ ռասայի դատապարտում էին մահվան։

Նրանք սա լավ էին հասկանում և ինձ հետ զրույցներում որևէ փորձ չէին անում դա թաքցնելու… Ողջ մարդկության պատմությունը չունի նման սարսափելի էպիզոդ, ինչպիսին սա է»։ 

Հոյերն ընդգծել է, որ հետագա տարիներին մարդկությունն ականատեսը եղավ մեկ այլ սարսափելի ոճրագործության՝ Հոլոքոստի։ Նա ընդգծել է, որ Ներկայացուցիչների պալատում քննարկման դրված բանաձևն ուղղված չէ ներկայիս Թուրքիայի կառավարության դեմ։

«Սա պատմական փաստ է, որը չճանաչելու դեպքում կարող է կրկին տեղի ունենալ։ Երբ ասում եք «այլևս երբեք», պետք է գիտակցեք, թե դա ինչ է նշանակում»,- ասել է նա։ 

Դեմոկրատների ղեկավարը նշել է, որ խնդրի մասին անցնող տարիների ընթացքում բազմիցս է խոսել Թուրքիայի դեսպանների հետ։ «Ցավում եմ, որ մեր թուրք գործընկերները չեն ճանաչել կատարվածը, ինչպես դա արել են մեր գերմանացի գործընկերները։ Եթե նրանք սեփական ժողովրդին ասեն, որ կատարվածը սխալ է եղել, նման բան այլևս չի կրկնվի»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում