Մամուլ

Ազատության հրապարակը ծանր դրության առաջ կանգնեցրեց ընդդիմությանը․ «Հրապարակ»

Ազատության հրապարակը ծանր դրության առաջ կանգնեցրեց ընդդիմությանը

Hraparak.am-ը գրում է․ Ապրիլի 5-ի Ազատության հրապարակը բավական ծանր վիճակի առաջ կանգնեցրեց ընդդիմության առաջնորդներին: Մինչեւ ապրիլի 5-ը նրանք բավական լավ ալիբի ունեին. հասարակությունը դեռեւս պատրաստ չէ իշխանափոխության: Փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում հայտարարում էր.

«Իմ գնահատականով՝ դեռ չի հասունացել այն վիճակը, երբ մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել։ Առանց փողոցի այս իշխանությունը չի գնալու։ Հավատալի չէ, որ մի օր խղճի զգացում կունենան եւ կհեռանան՝ ասելով, որ մենք ձախողում ենք ամեն ինչ։

Պետք է բավականաչափ զանգված, որը դուրս կգա փողոց, եւ դա չպետք է լինի իմ մասին կամ այլ մարդու։ Այդ փողոցը պետք է լինի իշխանությանը հեռացնելու մասին»: Ապրիլի 5-ի Ազատության հրապարակը չէր հավաքվել որեւէ մեկի համար, այդ հրապարակը հավաքվել էր գործող իշխանությանը հեռացնելու համար:

Արդյոք ընդդիմությունը համարո՞ւմ է, որ արդեն կա բավականաչափ զանգված, եւ հասունացել է այն վիճակը, որ կարելի է փողոցով հեռացնել իշխանությանը: Դա կարող են ասել միայն ընդդիմության առաջնորդները:

Միշտ էլ կարելի է ասել, որ պետք է ավելի մեծ զանգված, որ եղածը դեռ բավարար չէ՝ դրված խնդիրը լուծելու համար: Մինչդեռ հրապարակում հավաքվածները համոզված էին, որ եղածն էլ բավարար է փողոցային պայքար սկսելու եւ հաջողության հասնելու համար: 

miting

Հակաիշխանական տրամադրված հասարակությունը սպասում է, որ ընդդիմությունը չի բավարարվի միայն հանրահավաքներ կազմակերպելով կամ մի քանի րոպեով հրապարակ փակելով, հետո մարդկանց տուն ուղարկելով:

Քաղաքական պայքարի փորձ ունեցող հասարակության գիտակցության մեջ դեռ թարմ են ավելի բազմամարդ հանրահավաքների ու երթերի տխուր վախճանի օրինակները: 2003-2004 թվականներին եւ դրանից հետո Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ հավաքվում էր երեկվա հանրահավաքից մի քանի անգամ շատ մարդ, բայց ընդդիմության առաջնորդներն իրենց անվճռականության կամ գուցե օրվա իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում այդ մարդկանց այնքան էին քայլեցնում Երեւանի փողոցներով ու հոգնած տուն ճանապարհում, որ մի քանի օր հետո այդ մարդկանց մեծ մասը հասկանում էր, որ ընդդիմության առաջնորդների ուզածը ոչ թե իշխանափոխությունն է, այլ դժգոհության ալիքը մարելը:

Այդ թվականներին ինձ ծանոթ թերթի խմբագիրներից մեկը շատ համոզիչ բացատրում էր, որ ընդդիմությունը կարող է հաջողության հասնել միայն երկու պարտադիր պայմանի առկայության դեպքում. եթե ունի լուրջ աջակցություն իշխանության ներսում եւ արտաքին քաղաքական աջակցություն, ընդ որում՝ արեւմտյան, քանի որ ռուսները վերջին պահին միշտ էլ քցելու են ընդդիմությանը եւ պայմանավորվելու են իշխանության հետ: Հետագայում այդ խմբագիրն իր տեսական գիտելիքները բավական հաջող իրացրեց գործնականում:

Վերադառնալով մեր օրեր՝ պետք է ասել, որ ապրիլի 5-ի Ազատության հրապարակն ավելի արմատական էր տրամադրված, քան հրապարակի հարթակը: Մարդկանց չի հետաքրքրում իշխանության գործողությունների կամ անգործության նկարագիրը: Մարդիկ դրա մասին գիտեն ավելի լավ, քան ընդդիմության առաջնորդները, այլապես չէին լինի հրապարակում:

Կարողանալո՞ւ է ընդդիմությունն օգտագործել բողոքի այն ալիքը, որը կա հասարակության մեջ, թե՞ հասարակությունը հերթական անգամ հիասթափվելու է ընդդիմությունից՝ պարզ կդառնա առաջիկայում եւ շատ կարճ ժամանակում:

Կիսվել նյութով