Մամուլ

Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպը չի արտահայտում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը. ԿԳՄՍՆ

Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպը չի արտահայտում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը. ԿԳՄՍՆ

Որպես Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հյուրընկալող կողմ լուրջ մտահոգությամբ ենք ընդունել ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի հետ կապված միջադեպը:

Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Միաժամանակ, ափսոսանքով ենք արձանագրում Ադրբեջանի թիմի՝ առաջնությունը լքելու վերաբերյալ կայացրած որոշումը և հավելում, որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի եղել, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի սկզբանե ապահովել է և շարունակում է ապահովել անվտանգության բոլոր չափանիշներն առաջնության մասնակից պատվիրակությունների համար:

Կառավարությունը հավատարիմ էր լրացուցիչ անվտանգային միջոցառումներ ապահովելու ադրբեջանցի մարզիկների համար նախկինում իր կողմից ստանձնված պարտավորությանը: Դրա վկայությունն այն է, որ գրեթե երկու օր ադրբեջանցի մարզիկներն անվտանգ և ապահով գտնվել են Հայաստանում, իսկ առաջնությունը լքելու որոշումն ընդունելուց հետո համապատասխան ծառայություններն ապահովել են նրանց անվտանգ մեկնումը:

Այս առաջնությանը պատրաստվելիս Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է մեծածավալ աշխատանք և նշանակալի ներդրումներ: Կացության, մարզումների, մրցումների պայմանները, տեխնիկական ապահովումը, հեռուստատեսային ցուցադրությունը, նախադեպը չունեցող բացման արարողությունն ամենաբարձր գնահատականի են արժանացել մեր միջազգային գործընկերների կողմից:

Բազմաթիվ արձանագրումներով՝ Հայաստանում անցկացվող Եվրոպայի այս առաջնությունն իր կազմակերպմամբ վստահորեն կարող է մրցել աշխարհի առաջնությունների կազմակերպման հետ:

Համոզված եմ, որ մրցաշարի ավարտից հետո կկարողանանք արձանագրել, որ Հայաստանը կարող է հավակնել կազմակերպելու ավելի մեծ մրցաշարեր, այդ թվում՝ աշխարհի առաջնությունը:

Կիսվել էջում