Մամուլ

Քոչարյանի համար Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել դատարանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Երաշխավորագիրն այսօր՝ մայիսի13-ին դատարանին ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Արցախի ներկա և նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում,  վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։

«Երաշխավորում ենք, որ ազատագրության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա՝ դատարանին ներկայանալը եւ խնդրում ենք կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»,–ասված է երաշխավորության մեջ։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կոչ անելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը:

Կիսվել նյութով