Ինձ ոչ մականունով կվախեցնեն, ոչ էլ անուն-ազգանունով. Արթուր Մեսչյանը՝ սրճարանների մասին

«Ես չեմ ուզում երեխաները հեծանիվ քշեն, իսկ մեկը կես մետր հեռավորության վրա նստած ծխի եւ գարեջուր խմի: Ես իմ թոռանը չեմ ուզում տեսնել այդ իրավիճակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Օպերային թատրոնի հարակից սրճարանները ապամոնտաժելու եւ փոխարենը կանաչապատում իրականցնելու ծրագրին:

Նախաձեռնությունն առաջացրել է այդ սրճարանատերերի դժգոհությունը: Նրանք, ի թիվս այլ բողոքների, նաեւ ուշադրություն են հրավիրում, որ քաղաքապետարանի հրապարակած գծանշումը, ըստ որի՝ առանձնացված է  ապամոնտաժման ենթակա տարածքը, այնքան էլ համաչափ չէ:

Իսկ համաչափությունը պահպանվելու դեպքում կամ ծրագրի մեջ կընդգրկվեր եւս երկու սրճարան, որոնք կապվում են ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կամ այլ սրճարաններ նույնպես թեկուզ մասամբ, դուրս կմնային ծրագրից:

Կարծիքներ կան նաեւ, որ եթե նպատակ է հետապնդվում օպերայի տարածքը ձերբազատել սրճարաններից, ինչու չեն ապամոնտաժվում բոլոր ու բոլորի սրճարանները, այդ թվում՝ ամենառաջինը այնտեղ հայտնված «Մեղեդին», որը կապվում է ՀՅԴ կուսակցության կարկառուն անդամների անունների հետ:

Արթուր Մեսչյանը պնդեց, որ իր գործունեությունը չի պայմանավորում անձերով: Նաեւ նկատեց, որ օպերայի տարածքի վերաբերյալ եղածը դեռ ընդամենը գաղափար է:

«Մի բան ասեմ, չզարմանաք. ես չգիտեմ՝ ովքեր են սեփականատերերը (չնայած՝ մի տասը հոգի այն օրը եկել էին, խնդիր էին ուզում ինձ հետ լուծել): Սա դեռ գաղափար է: Դեռ պետք է նախագիծ լինի, ինձ ներկայացվի ամբողջ ծրագիրը, իրացման ամբողջ հարցերը: Բայց գլխավորը գաղափարն է, որը հետեւյալն է. օպերայի հրապարակին հպվող գոտին պետք է վերադարձվի օպերայի տարածքին: Վերջ: Հիմա այնտեղ ում շահերն ենք մենք պաշտպանում, ում շահերը չենք պաշտպանում, ճիշտն ասած ինձ տվյալ դեպքում ավելի շատ քաղաքի շահերն են հետաքրքրում»,- ընդգծեց Երեւանի գլխավոր ճարտարապետը:

«Ես անուն-ազգանուններով վաղուց չեմ հետաքրքրվում, առանձնապես՝ մականուններով: Ինձ ոչ մականունով կվախեցնեն, ոչ էլ անուն-ազգանունով: Իմ գլխին իմ ղեկավարը իմ քաղաքն է, սերը իմ քաղաքի նկատմամբ: Ես ոչ մեկի առջեւ, բացի իմ քաղաքից, պատասխանատու չեմ: Թող չնեղանան իմ անմիջական ղեկավարները, նորից կրկնում եմ, իմ ղեկավարը քաղաքն է, ես ենթարկվում եմ իմ քաղաքի շահերին: Անուն-ազգանուն, մականուն, ինձ համար ոչ մի նշանակություն չունեն: Ով չի հավատում, թող գա ինձ փորձի»,- առաջարկեց Մեսչյանը:

Ի սկզբանե, երբ հայտարարվեց օպերայի շրջակայքը նորից այգու վերածելու որոշման մասին, նաեւ նշվեց, որ այնտեղ սրճարանային բիզնես ծավալող տնտեսվարողներին կառաջարկվի մեկ այլ տարածք՝ քաղաքի մեկ այլ հատվածում, թեպետ քաղաքապետարանն այդպիսի պարտավորություն չունի:

Բայց ապամոնտաժման ենթակա սրճարանների ղեկավարները մեզ ասել էին, որ տարածքն ազատելու մասին իրենց ուղարկված ծանուցումներում այդ մասին որեւէ նշում չկա, հետեւաբար վերացական հայտարարությունների վրա չեն կարող հիմնվել:

«Այս գործընթացն ընդհանրապես բազմաշերտ է: Ծանուցումը առաջին մեսիջն է, քեզ իմաց են տալիս, որ այսպիսի խնդիր կա: Այն, ինչ որ դուք հիմա ասում եք, հետագայի գործառույթ է: Սկզբից նրանք, ովքեր այդտեղ ունեն բիզնես, պետք է իմանան, որ իրենց տրվում է որոշակի ժամկետ, որպեսզի կարողանան պլանավորել իրենց հետագա բիզնեսը եւ այլն եւ այլն, բայց մյուս գործառույթներն արդեն երկրորդ շերտն է աշխատանքի:

Որտե՞ղ կտեղափոխվեն, ի՞նչ կտրվի դրա դիմաց, ի՞նչ պայմաններ կլինեն, դա հետո: Առաջին խնդիրը հետեւյալն է, որ երեւանցիները, մենք բոլորս, դուք որոշում ենք, որ այդ տարածքը վերադարձնում ենք երեւանցիներին, մնացածը տեխնիկական հարցեր են»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Արթուր Մեսչյանը:

Հ.Գ. Նկատենք, որ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան վերջին ասուլիսի ընթացքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ձեռքին եղած համապատասխան նկարում գծանշումը համաչափ էր՝ ի տարբերություն սկզբում հրապարակվածի:

Աղբյուր՝ armtimes.am