Ես մտադիր եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին. Քոչարյանի հարցազրույցը՝ Reuters-ին

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար․ «Ես մտադիր եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին»։

Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է նախորդ տարի՝ 2008 թվականի մարտին՝ նախագահական ընտրություններից հետո, երկրում արտակարգ դրություն մտցնելու ճանապարհով ապօրինի գործողություններ իրականացնելու մեղադրանքով: Վիճահարույց նախագահական ընտրություններին հետևած բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով առնվազն 10 մարդ էր զոհվել:

Բանտից ուղարկված նամակում Քոչարյանը գործակալությանը հայտնել է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, նա մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը օրենքի ընտրողական կիրառման համար:

Քոչարյանն ասել է, որ Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ:

«Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»,- ասել է նա:

Հարցին՝ արդյոք նա անձամբ կներգրավվի այդ ընդդիմության շարքերում, նա պատասխանել է. «Այո իհարկե», սակայն չի հստակեցրել, թե ինչ բնույթ կկրի այդ մասնակցությունը:

Խոսելով անցած տարի երկրում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի մասին՝ Քոչարյանը հայտնել է, որ դրանց պատճառը հասարակության շրջանում կուտակված դժգոհություններն ու փոփոխության ձգտումն են եղել՝ ընդգծելով, որ այստեղ խոսքը հեղափոխության մասին չէ:

«Ես դա հեղափոխություն չէի անվանի, քանի որ երկրում ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվել՝ հասարակության շրջանում մեծ ագրեսիայի, իսկ իշխանության շրջանում պոպուլիզմի և դիլետանտիզմի ի հայտ գալուց բացի»,- ասել է ՀՀ 2-րդ նախագահը:

Նա նաև հանդես է եկել ի պաշտպանություն 2008թ.-ի զանգվածային ցույցերի ժամանակ իր կայացրած որոշման:

«Հասարակական կարգը վերականգնվեց միայն երկրում արտակարգ դրություն մտցնելու շնորհիվ: Եթե դա չարվեր, կնշանակեր, որ նախագահի կողմից պաշտոնական անգործություն է թույլ տրվում»,- եզրափակել է Ռ. Քոչարյանը: