Մամուլ

Ռուբեն Վարդանյանի զանգը հարկադրաբար ընդհատվել է. որն է պատճառը

Ադրբեջանում պահվող հայերը արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփման հնարավորություն չունեն։ Նրանք չեն տեսնում իրենց հարազատներին, հյուպատոսական աշխատակիցներին, անկախ բժիշկներին, փաստաբաններին կամ Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարել է Ռուբեն Վարդանյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանի խոսքով՝ արտաքին աշխարհի հետ շփման միակ հասանելի տարբերակը վերահսկվող հեռախոսազանգերն են։ Դրանց հաճախականությունը տարբեր է․ երեք դատապարտված կարողանում է զանգահարել մոտ 40 օրը մեկ, իսկ մյուսների համար նախատեսված է շաբաթական մեկ զանգ։ Զանգերի տևողությունը կարող է լինել 2-10 րոպե, և, ըստ Սահակյանի, դրանք կարող են նաև հարկադրաբար ընդհատվել։

«Դրանք վերահսկվող զանգեր են, դրանք հայեցողական են և կախված բովանդակությունից կարող են նաև հարկադիր ընդհատման ենթարկվել, և դրա վառ օրինակը մենք տեսանք նաև պարոն Վարդանյանի պարագայում, երբ փորձում էր բարձրաձայնել դատավճիռը իրեն չտրամադրելու խնդիրը, Ադրբեջանի օմբուդսմենին դիմելու և որոշակի ջանքերով այդ ակտը ստանալու անհրաժեշտությունը, հարկադրաբար զանգը ընդհատվեց»,- պատմել է փաստաբանը։

Վերջին ամիսներին, Սահակյանի փոխանցմամբ, ավելի հաճախ են բարձրաձայնվում պահվող հայերի առողջական խնդիրները։ Նրա տեղեկություններով՝ բուժօգնությունը պատշաճ կերպով չի կազմակերպվում, իսկ որոշ ժամերից հետո տվյալ հաստատությունում բուժանձնակազմ չի լինում։ Միաժամանակ, փաստաբանը ընդգծել է, որ իրենց հասանելի չէ պահվող անձանց առողջական վիճակի ամբողջական և անկախ գնահատականը։

Սահակյանը նշել է, որ որոշ բժշկական փաստաթղթեր հնարավոր է եղել ստանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով։ Ադրբեջանի կողմից դատարանին թարմ տեղեկություններ տրամադրելու վերջնաժամկետը լրացել է օգոստոսի 31-ին, և այժմ փաստաբանը սպասում է նոր տվյալներին։

Անդրադառնալով հայերի դատավարություններին՝ Սահակյանը նշել է, որ դրանցում ընդհանուր օրինաչափություններ է նկատում։ Նրա գնահատմամբ՝ այդ գործընթացներն ունեն քաղաքական, ցուցադրական և պատժիչ բնույթ, իսկ մեղադրանքները հաճախ վերաբերում են այնպիսի գործողությունների, որոնք դրանց կատարման պահին կանխատեսելիորեն չէին կարող համարվել քրեորեն պատժելի։

Սահակյանի խոսքով՝ Եվրոպական դատարանը կարող է գնահատել ոչ միայն դատավարությունների համապատասխանությունը արդար դատաքննության չափանիշներին, այլև մեղադրանքների իրավական հիմնավորվածությունն ու դրանց համապատասխանությունը օրինականության սկզբունքին։

Կիսվեք ձեր էջում