Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը մեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմինե Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը դեպքի վայրում պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Պարեկները պարզել են, որ բեռնատարը, որը նույնպես գտնվում է դեպքի վայրում, վարել է Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արիս Հ.-ն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


