Դու մենակ չես, մենակ չես․․․ Մենա՞կ ես․ «Հայոց ախարհ»

«Հայոց ախարհ» օրաթերթը գրում է․ Այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության», ավելի ճիշտ՝ իշխանափոխության հիմնական դեմքը, ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանն էր: Նույնիսկ ոչ որպես «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդ, առավել ևս՝ ո՛չ որպես «Ելք» խմբակցույթան ղեկավար, այլ հենց ինքը՝ իրենով, որպես Նիկոլ Փաշինյան:

Ակնհայտ է և այն, որ ապրիլ-մայիսյան զարգացումների ընթացքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարկանիշը բարձրացավ, իսկ ապրիլի 23-ից հետո այդ վարկանիշն ուղղակի վեր սլացավ մինչ այդ անհասանելի թվացող բարձունքներ, որտեղ էլ հիմնականում դեռեւս մնում է և, ըստ կանխատեսումների, դեռ միառժամանակ կմնա:

Հիմա, ինքնըստինքյան, հարց է ծագում, թե նման բարձր վարկանիշի հասած գործիչը, տվյալ դեպքում՝ ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ շահագրգռություն ունի՝ այլ ուժերի, կուսակցությունների հետ դաշինք կազմելու:

Ի վերջո, երբ նա սկսում էր իր քայլարշավը, այդ դաշինքը, ավելի ճիշտ՝ մյուս երկու ուժերն իր հետ չէին: Երբ հայտարարեց թավշյա հեղափոխություն սկսելու մասին, դաշինքի մյուս երկու ուժերն իր հետ չէին: Միայն երբ Փաշինյանը նետվեց փշալարերի վրա ու անխուսափելիորեն վնասեց ձեռքը, դաշինքի մյուս ուժերի ղեկավարները եկան ասպարեզ, այն էլ՝ գործընկերոջ որպիսությամբ մարդկայնորեն հետաքրքրված, այլ ոչ թե նրա պայքարին միանալու նպատակով:

Այդ թավշահեղափոխական երգի մեջ էր գեղեցիկ հնչում՝ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես», իսկ քաղաքական իրականության մեջ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության մենակ էր՝ քաղաքական ուժերի, կուսակցությունների, առաջին հերթին՝ իր իսկ գլխավորած «Ելք» խմբակցության դաշնակից-կուսակցությունների աջակցության իմաստով: Այդ հետո, երբ արդեն արձանագրվել էին թավշյա իշխանափոխության առաջին շրջադարձային զարգացումները, քաղաքական ուժերից շատերը նետվեցին «միանալու ժողովրդին»:

Հիմա. եթե Նիկոլ Փաշինյանը պարզորոշ տեսնում է, որ իր ձևավորած «Քաղպայմանագիրը», ավելի ճիշտ՝ ինքն անձամբ ունի իսկապես բարձր վարկանիշ, ի՞նչը կամ ո՞վ պետք է նրան խանգարի, որ առանձին գնա թե՛ Երևանի ավագանու, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Ավելին՝ եթե նա հայտարարի, թե ընտրությունների է գնալու մեկ այլ կուսակցության, ասենք թե՝ «Ժողպայմանագրի» ցուցակով, ամենայն հավանականությամբ, հենց այդ ենթադրական կուսակցության շանսերը բարձր կգնահատվեն:

Այլ հարց է, եթե «Ելքը», ինչպես ժամանակին հայտարարվել էր, վերաճեր «մեկ կուսակցության», բայց նման բան տեղի չի ունեցել, իսկ հետիշխանափոխական շրջանի առանձին զարգացումներ հուշում են, որ «մեկ կուսակցության» մտահղացումը մնացել է անցյալում, ու հազիվ թե՝ տեղի ունենա:

Առավել ևս, որ ամեն մի դաշինք այս կամ այն հարցում ինչ-որ զիջումների գնալու հետևանքով է ձևավորվում: Իսկ եթե տեսնում ես, որ ունես բավարար աջակցություն և հնարավորություն, ապա դեռ կմտածես՝ իսկ պե՞տք է քեզ այդ դաշինքը, եթե կոնկրետ քո գլխավորած կուսակցությամբ կարող ես վերցնել ավելին, քան մյուս բոլորը՝ միասին վերցրած:

Մանավանդ եթե աշխարհաքաղաքական ուղղվածության առումով էլ, հնարավոր է, տարակերպ մոտեցումներ կան: Ինչպես քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էր ուշադրություն հրավիրել այդ հարցի վրա՝ նկատի ունենալով «Ելքի» մյուս երկու ուժերի՝ ակնհայտ արևմտամետ լինելը:

Հարկավ, դեռ որոշակի ջրեր կհոսեն, մինչև բանը թեկուզ մայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին հասնի: Բնականաբար դրանց ավելի մոտ պարզ կդառնա նաև ուժերի մասնակցության ձևաչափը՝ առանձին կամ դաշինքով: Հազիվ թե այս փուլում կոնկրետ հայտարարություններ հնչեն, թեկուզ այն հաշվարկով, որ ժամանակից շուտ հավելյալ մրցակցային պայքար չծավալվի, մանավանդ՝ քաղաքական պատկանելության առումով խայտաբղետ կառավարություն ունենալու պարագայում:

Բայց պրագմատիկ մոտեցումը թույլ է տալիս առնվազն ենթադրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղպայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի առանձին մասնակցելու հավանականությունը բավական մեծ է:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...