Բարձրաստիճան պաշտոնյային ձերբակալել են կաշառք ստանալու պահին․ ԱԱԾ-ն բացահայտել է հերթական դեպքը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը:

Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի  անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին:

Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը  ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել  և բերման են ենթարկվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: