Մամուլ

Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության:

Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Նման ողբերգական դեպքերը պետք է սթափեցնեն մեզ բոլորիս: Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք:

Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։

Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը:

ՃՏՊ տարրական կանոններին հետևելը մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար են։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։

Ամուսինների հարևանները պատմել են, որ Իզաբելլան երկու երեխաների հետ Գյումրիում էր՝ հայրական տանը։ Այդ օրը նրա մոր մահվան 40-րդ օրն էր։

Մխիթարը մյուս երեք երեխաների հետ մեկնել էր Գյումրի՝ կնոջն ու երեխաներին տուն բերելու։ Ճանապարհին էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը։​​

Կիսվեք ձեր էջում