ԺամանցՇոու-բիզնես

«Գոռն ինձ այնքան սեր է տալիս, որ ամեն դժվարություն հաղթահարում եմ»․ Գոռ Հակոբյանի կինը՝ 9 տարվա համատեղ կյանքի մասին

«Գոռն ինձ այնքան սեր է տալիս, որ ամեն դժվարություն հաղթահարում եմ»․ Գոռ Հակոբյանի կինը՝ 9 տարվա համատեղ կյանքի մասին

Ընտանիք, որտեղ 9 տարվա համատեղ կյանքը սերն ապրապնդվել է, ջերմությունը մեծացել և միմյանց ներկայությունը սովորական չի դարձել. սա է Հրանուշ Մնոյանի երջանկության բանաձևը։ Դերասան Գոռ Հակոբյանի կինը՝ Հրանուշը, Մայրության տոնին ընդառաջ ֆոտոշարք է անցել որդիների հետ, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել ընտանեկան կյանքի, մայրիկ լինելու հաճելի պարտականության և սիրված կին լինելու մասին։

Երկու որդիների խնամքը Հրանուշի համար հաճելի պարտականություն է։ Ասում է` միակ բարդությունն այն է, որ երկու երեխան էլ տղան են, այլ դժվարություն, որպես այդպիսին, չունի։ Չնայած Գոռի զբաղվածությանը` կինը նշեց, որ դժգոհելու առիթ չունի, նա միշտ անմիջական ներկայություն ունի ընտանիքում։

համատեղ կյանք

«Երբ ինչ–որ հարց է առաջանում, որին լուծում տալ չեմ կարողանում, Գոռն անմիջապես օգնության է հասնում։ Նա իսկապես շատ է օգնում ինձ` չնայած իր շատ մեծ զբաղվածությանը։ Երբ տանն է և աշխատանքով զբաղված չէ, ժամանակը տրամադրում է ընտանիքին։ Տղաների հետ և՛ զրույցներ է ունենում, և՛ խաղեր է խաղում»,– ասաց նա ու հավելեց, որ երեխաների հանդեպ ավելի խիստ լինելու դերը Գոռին է վստահված, թեև անհրաժեշտության դեպքում ինքն էլ է կարողանում խիստ լինել։

«Մեր երեխաները շատ ակտիվ են, բայց ոչ չար։ Զարմանալի է, բայց միայն երկուսիս են լսում։ Եթե շատ են չարաճճիություն անում և հասկանում եմ, որ այդ պահին ինձ չեն լսում, ասում եմ` հիմա կզանգեմ Գոռին։ Սակայն հազվադեպ է հերթը հասնում դրան։ Մեր երեխաները նաև շատ «կուլտուրական» են. «կարելի՞ է», «շնորհակալ եմ», «խնդրեմ» արտահայտություններն ասելու համար նրանց հատուկ հիշեցնել պետք չէ»,– ասաց Հրանուշը։

Մոտ մեկ տարի է` դերասանի կինը նաև աշխատում է։ Սկսել է սեփական բիզնեսը` օնլայն խանութ ունի, որը նախատեսում է ընդլայնել։ 7 տարեկան Վարդանի և 4 տարեկան Ֆելիքսի խնամքն աշխատանքի հետ համատեղելը մայրիկին բարդ չի տրվում։

դժվարություն հաղթահարում եմ

«Չեմ ուզում շատ ճոխ հնչի, բայց ես շատ մեծ էներգիա ունեմ և կարողանում եմ ամեն ինչ հասցնել։ Օգնող չունեմ, որովհետև մայրիկս Ռուսաստանում է ապրում, սկեսուրս` Գյումրիում, իրենք միայն հյուր են գալիս մեզ։ Ես արդեն սովոր եմ ամեն ինչ ինքնուրույն անել ու հասցնել։ Հազվադեպ է լինում, որ հոգնեմ, միշտ էներգիա ունեմ»,– պատմեց նա։

Ամեն ինչ հասցնելու համար էներգիայի պաշարը Հրանուշը հավաքում է ընտանիքում։ 9 տարվա ամուսինները կարողացել են ստեղծել այնպիսի ընտանիք, որտեղ հանգստանում են ու ուժ ստանում։

Գոռ Հակոբյան

«Գոռն ինձ այնքան սեր ու ուշադրություն է տալիս, որ ամեն դժվարություն հաղթահարում եմ, կարողանում եմ ամեն ինչ հասցնել, սիրով անել ու էներգիաս չի պակասում,– ասաց նա ու հավելեց, որ Կանանց միամսյակի առթիվ ծաղիկների, նվերների պակաս չի ունենում, սակայն Գոռը դա ապահովում է ամբողջ տարվա ընթացքում,– այնպես չէ, որ միայն այս փուլում է ուշադիր։ Իհարկե, տոներին միասին ինչ–որ տեղ ենք գնում, նշում, սակայն առանց տոների էլ ենք իրար ժամանակ ու ուշադրություն տալիս։ Իմ կյանքը, իսկապես, լավն է, երբեք ուշադրության պակաս չեմ ունեցել»։

Հրանուշը նկատեց, որ տոնական միամսյակի առթիվ որդիներն էլ իրենց հերթին են իրեն հաճելի անակնկալներ մատուցել։«Երեխաներս սովորում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, Վարդանը` առաջին դասարանում, Ֆելիքսը` նախակրթարանում։ Այնտեղ մեծ ուշադրություն է դարձնում տոներին։

Գոռ Հակոբյան

Մայրիկների տոնի առթիվ երեխաներս ինձ համար բացիկներ, ծաղիկներ, երգեր էին նախապատրաստել։ Դա լավագույն նվերն ու ուշադրությունն է, որ նրանք կարող են տալ»,– եզրափակեց երջանիկ մայրիկը:

Tert.am

Կիսվել էջում