Շոու-բիզնես

Գործող իշխանությունները երկիրը տանում են կործանման, ամեն ինչ ավերվում է․ Արա Դեղտրիկյան

Գործող իշխանությունները երկիրը տանում են կործանման, ամեն ինչ ավերվում է․ Արա Դեղտրիկյան

168.am-ը գրում է․ «Ժողովուրդն ինչպես այս իշխանություններին բերել է իշխանության, թող այնպես էլ այս ստերին և ամեն ինչին դիմանա: Մենք հիմա ապրում ենք ստերի մեջ, ինչ-որ մի բան կա՞, որ նորմալ է:

Բոլորը ստում են: Վերջերս լսեցի, որ ամբիոնից ասում են՝ տնտեսական անկում չկա, ամեն ինչ նորմալ է. ո՞ւմ են էշի տեղ դնում, խելացի մարդը հո հասկանո՞ւմ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:

Նրա խոսքով՝ գործող իշխանությունները երկիրը տանում են կործանման. «Ամեն ինչ ավերվում է»:

Հարցին՝ հեղափոխությունից առաջ իրավիճակն ավելի լա՞վ էր, նա պատասխանեց. «Կյանքը բնականոն առաջ էր ընթանում: Աշխատատեղեր փակվո՞ւմ էին այսպես հազարներով, ու հպարտորեն ասում են՝ 2000 տեղ ազատվեց, կրճատում ենք այս, կրճատում ենք այն:

Այդ ժամանակ դեռ կորոնավիրուս էլ չկար, իսկ հիմա այս կորոնավիրուսը կարող են մատի փաթաթան սարքել և օգտագործել: Առաջ ի՞նչն էր վատ, այդ ի՞նչ սարսափելի սխալներ կային, որ ասում են՝ եկավ, ազատագրեց մեզ. Էդ ինչի՞ց ազատագրեց»:

Դիտարկմանը՝ ասում են՝ թալանչիներից, նա արձագանքեց. «Թալանչիներից ազատագրեց, հը՜մ… հիմա ի՞նչ է կատարվում՝ մարդիկ, որոնք չեն աշխատում, պարգևավճար են ստանում. Դա պետական բյուջեի թալան չէ՞:

Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց որպես քաղաքացի, որպես այս երկրի բնակիչ՝ ես մտահոգություն ունեմ, սրտացավ եմ վերաբերվում իմ երկրի ապագային, ուզում եմ, որ լավ լինի: Մարդիկ կան, որ ասում են՝ լավ է լինելու. դրա նախադրյալը տեսնո՞ւմ ես: Մարդը չի հասկանում, որ այդ ընդգծված լավատեսությունը հիմարության նշան է: Ես միշտ եղել եմ իրատես: Այն, ինչ հիմա կատարվում է, ոչ մի լավ բան ես չեմ տեսնում»:

Հետաքրքրվեցինք՝ գոնե անկախությունից հետո մտավորականությունը հիմնականում պաշտպանել է իշխանության տեսակետները, արդյո՞ք մտավորականությունը ճիշտ է դիրքավորված:

«Ո՞ր մտավորականությունը. Ես այնքան լավ եմ ճանաչում մտավորականությանը, ինքս էլ նրանց մեջ եմ, չէ՞: Ո՞ր մտավորականությունը՝ եսամոլնե՞րը, երեսպաշտնե՞րը… զարմանում եմ, էլի:

Ասենք՝ մեծանուն կոմպոզիտոր, ժողովրդական դերասան, որի հետ աշխատել եմ, որը վերջերս ագրեսիվ էլ կոչեր էր անում. մտավորականը չպետք է նման կոչերով հանդես գա, ընդհանրապես, մտավորականը պետք է միախմբի, միասնության կոչ անի, որ խելքի գան:

Հայտնի կոմպոզիտոր, որը հիանալի երգեր ունի. չգիտեմ՝ ինչ փոխնախարար էր մտել իր տունը, ասաց՝ վայ, մի՞թե սա երազ է. քիչ էր մնում ուշքը գնար: Կամ նույն այդ դերասանը՝ մի՞թե սա երազ է:

Դրանք այն մարդիկ են, որոնք միշտ գնահատված եղել են բոլոր ղեկավարների ժամանակ և օգտվել են՝ պարգևներ են ստացել, կոչումներ են ստացել, նվերներ են ստացել, տներ են ստացել, այսինքն՝ ամեն ինչից օգտվել են, ես ներկա էլ եմ եղել՝ ինչպես են հանդիպումների ժամանակ փորձել մոտ կանգնել երկրի ղեկավարներին, գնալ, շփվել, և մեկ էլ հանկարծ՝ վայ, հրաշք կատարվեց»,- ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով, որ մարդը պետք է չունենա հարյուր երես:

ՀՀ վաստակավոր արտիստն ընդգծեց. «Հայաստանի ոչ մի ղեկավար այսպես չարություն, ատելություն սերմանելով, այս փոքր ժողովուրդն այսպես պառակտելով՝ չի եկել իշխանության: Այսքան ատելություն, այսքան մաղձ այս փոքր ժողովրդի մեջ որտեղի՞ց:

Ես մեկ-մեկ մտածում եմ՝ հայը չի ուզում լավ ապրել, այլ ուզում է դիմացինին վատ լինի: Հենց դիմացինին վատ եղավ՝ հրճվանքի մեջ են ընկնում: Ես հիմա շատ նեղված եմ Երկրորդ նախագահի, Երրորդ նախագահի հետ կապված իրավիճակներից, երբ ոգևորվում են, ասում են՝ այո, պետք է բռնել, դատել:

Եթե թուրքն ու ադրբեջանցին այդ հրճվանքն ապրեն, ես կհասկանամ, բայց ինչի՞ է հայը հայի դեմ այդպես չարացած. Սա չի կարելի: Դա գալիս է իշխանություններից, որովհետև ոտնահարվում է ամեն սրբություն: Ամեն ինչ արժեզրկվել է»:

Առավել մանրամասն՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել