Մամուլ

Չի կարելի հանցագործին բաց թողնել, գիտե՞ք ինչքան վտանգավոր է. Սարգիս Քլոյանը՝ Քոչարյանի մասին

Չի կարելի հանցագործին բաց թողնել, գիտե՞ք ինչքան վտանգավոր է. Սարգիս Քլոյանը՝ Քոչարյանի մասին

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի զոհերից 28-ամյա Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Սարգիս Քլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դատական քննությունների ժամանակ դատավորի հարցերից արդեն հասկացել էին, որ խափանման միջոցի փոփոխություն է տեղի ունենալու:

«Մենք հասկացանք, որ դատավորը ի օգուտ Քոչարյանի է որոշում կայացնելու, որովհետև նա արդեն գրավի դիմաց ինչ-որ բաներ էր պահանջում: Բերեցին երկու բնակարանի վկայականներ, ուսումնասիրեցին վկայականները: Քոչարյանին հարցեր էր տալիս, թե ի՞նչ կարողությունների տեր է, ինչքա՞ն կարող է մուծել:

Քոչարյանն ասեց, որ 250 հազար դոլարից ավել գումար չունեմ, իմ ամբողջ գույքը կալանքի տակ է: Եվ այդպես շարունակ զգացինք, որ դատավորի աչքերը խաղում է, հասկացանք: Ու այդպես էլ եղավ: Սա անարդարություն է, ինչպես կարելի է: Քաղաքի կենտրոնում 10 մարդ է գնդակահարել, հարյուրներին բանտարկել, սահմանադրական կարգը տապալել:

Ո՞րտեղից այդ 2 մլրդ դրամը վճարեց, բա ասում էր փող չունեմ: Թող ազգային անվտանգությունն ուշի ուշով հետևի, թե որտեղից այդ գումարները, ո՞վ վճարեց, ո՞րտեղից և այլն»,- պատմեց Սարգիս Քլոյանը:

Նա նշեց, որ իր կարծիքով սա ժամանակավոր է, քանի որ Դատախազությունն արդեն դիմել է Վճռաբեկ դատարան: Սարգիս Քլոյանը վստահ է, որ Վճռաբեկ դատարանը ճիշտ որոշում կկայացնի ու Քոչարյանը նորից կկալանավորվի:

«Մենք բոլորս, ոչ միայն տուժողների հարազատները, այլև՝ ամբողջ հայ ժողովուրդը անհամբեր սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը: Ես հավատում եմ Վճռաբեկ դատարանին, որովհետ մեկ անգամ արդեն որոշում կայացրել է:

Եթե առաջին անգամ Վճռաբեկը բավարարել է մեր պահանջը, ոչ թե Քոչարյանի, պարզ է, որ այս անգամ էլ ճիշտ որոշում կկայացնի: Ո՞նց կարող է առաջին անգամ ճիշտ որոշում կայացնի, երկրորդ անգամ սխալ: Մենք հավատում ենք»,- վստահություն հայտնեց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը:

Հարցրինք, դատարանի որոշումն ինչպե՞ս կգնահատեք, արդյոք դա ապացուցում է, որ հեղափոխությունից հետո էլ դատարանները շարունակում են գտնվել նախկինների ազդեցության ներքո, Սարգիս Քլոյանը պատասխանեց՝ գուցե տվյալ դատավորը մեկ ուրիշ ճանապարհով է գնացել, ոչ թե նրա նկատմամբ ֆիզիկական ճնշումներ են եղել:

«Դուք հասկանում եք չէ՞, թե ինչ նկատի ունեմ: Գուցե այդ ճանապարհով է գնացել, բայց դատավորը չարաչար սխալվել է: 10 օրվա համար ամբողջ հայ ժողովուրդը թքում է իր երեսին: Չի կարելի հանցագործին բաց թողել, գիտե՞ք ինչքան վտանգավոր է»,- նշեց  մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել