«Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ»․ Արմեն Աշոտյան
«Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ»․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դասեր ՀՀ իշխանությունների համար․ Եվրահանձնաժողովի նախագահի նախազգուշացումը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը սեփական քաղաքական հավակնություններին ծառայեցնող առաջնորդներին
Նախորդ հրապարակումներիցս մեկում արդեն անդրադարձել եմ կորոնավիրուսի հետևանքով պետական կառավարման համակարգերի համար առաջացած ռիսկերին։ Մասնավորապես նշել էի պետական կառավարման ժողովրդավարական ինստիտուտների համար ի հայտ եկած մարտահրավերների մասին։
Չնայած բոլոր մտահոգություններին ու նախազգուշացումներին՝ ՀՀ իշխանությունները կարծես թե որդեգրել են անգամ ստեղծված իրավիճակը սեփական շահերին ծառայեցնելու և կառավարության վերահսկողական լծակներն ուժեղացնելու քաղաքականություն։
Սրա մասին են վկայում ինչպես մամուլի նկատմամբ կիրառվող անհամաչափ սահմանափակումները, այնպես էլ ԱԺ-ում քննարկված վերջին խայտառակ օրինագծերը։
Հիշեցնեմ, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ օգտվելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, մարտի 30-ին խորհրդարանում անցկացրեց մի օրինագիծ, որը կառավարությանը հնարավորություն է տալիս երկիրը կառավարել հրամանագրերի միջոցով՝ ընդ որում առանց ժամանակային սահմանափակման։ Միաժամանակ որոշակի սահմանափակումներ մտցվեցին՝ նաև կապված խոսքի ազատության հետ։
Այս որոշումը բնականաբար չվրիպեց ԵՄ ղեկավարության ուշադրությունից․ մարտի 31-ին Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը տարածեց հայտարարություն, որտեղ անդրադարձ էր կատարում ԵՄ անդամ երկրների կողմից ձեռնարկված արտակարգ միջոցառումներին։
Թեև Հանձնաժողովի նախագահն իր հայտարարության մեջ անմիջականորեն չի նշում Հունգարիայի մասին, սակայն նրա մեկնաբանությունները անուղղակիորեն վերաբերում էին Հունգարիայի կառավարության կողմից ձեռնարկած միջոցառումներին և դրանց վերաբերյալ բարձրացված քննադատություններին:
Ըստ էության, այս ուղերձը ուղղված էր նաև բոլոր այն երկրների առաջնորդներին, ովքեր փորձում են ստեղծված իրավիճակը ծառայեցնել սեփական քաղաքական նպատակներին։
Ըստ նրա, ձեռնարկվող միջոցառումները չեն կարող հակասել ԵՄ կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին և արժեքներին, դրանք պետք է լինեն խիստ անհրաժեշտ և համաչափ ու ենթարկվեն մանրակրկիտ ուսումնասիրության։
Հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է ստեղծված «անորոշ ժամանակներում իրավական որոշակիություն կարևորությունը»։
Ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չի կարող և չպետք է ծառայեցվի քաղաքական նպատակներին։ Հակառակ դեպքում Հայաստանը կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ նաեւ իր միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։
Ստեղծված բարդ իրավիճակում երկիրը ճգնաժամից դուրս բերելու, անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու հարցում Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստ էին աջակցել երկրի իշխանություններին, շատ դեպքերում ըմբռնումով էին մոտենում որոշ սահմանափակումներին ու կառավարության մի շարք բացթողումներին։
Սակայն կառավարությունը իր հերթին պետք է ձեռնպահ մնար համաճարագային իրավիճակը սեփական քաղաքական ամբիցիաներին ծառայեցնելու մոլուցքից, այլապես անխուսափելի կլինեն նոր՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ցնցումները։
Հերիք է գետնով տաք ժողովրդի սպասելիքները։
Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ»։