Մամուլ

Ինչ կապ կա Էջմիածնի քաղաքապետի ու մանվելական ավագանու միջև

Ինչ կապ կա Էջմիածնի քաղաքապետի ու մանվելական ավագանու միջև

Hraparak.am-ը գրում է․ Էջմիածնի իշխանական քաղաքապետ Դիանա Գասպարյանը ընկերական մտերիմ հարաբերություններ ունի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, որը նախկինում եղել է Մանվել Գրիգորյանի եւ մասնավորապես նրա որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընկերը։ Հեղափոխության օրերին նա պայքարում էր Կարեն Գրիգորյանին հեռացնել ցանկացողների դեմ։ 

Էջմիածնում տարածված խոսակցությունների համաձայն՝ Միրզոյանը նաեւ մտերմիկ հարաբերություններ ունի քաղաքապետի ընտանիքի հետ, նրա ավտոմեքենան հաճախ նկատել են Գասպարյանների տան դիմաց։

Էջմիածնի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ այժմ Միրզոյանը բիզնեսով է զբաղվում, ունի շքեղ առանձնատուն, որի տարածքը, ըստ խոսակցությունների, պատկանել է հայտնի երգիչ Արտաշ Ասատրյանին․ «Նա եղել է Կարենի ամենավստահված ավագանու անդամը։

Ասատրյանների հողը ձեռքներից վերցրել ու էնտեղ տուն է սարքել։ Բոլորը գիտեն, որ ինքը մանվելական է․․․, հայրն էլ օդանավակայանում  է աշխատում, ինքն էլ գազալցակայաններ ունի»,-նշեց մեր զրուցակիցը։

Փորձեցինք կապ հաստատել Միրզոյանի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանած անձն ասաց, որ հեռախոսահամարը նրան չի պատկանում։

Դիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արամայիս Միրզոյանը դեռեւս 2017 թվականից ընտրված ավագանու անդամ է, ապա սկսեց թվարկել վերջինիս բարեգործություններն ու լավ գործերը, որոնք արել է քաղաքի համար․

«Արամայիս Միրզոյանը վերջերս քաղաքում բարեկարգել էր մեկ ամբողջ մանկապարտեզի մասնաշենք։

Այժմ յոթերորդ դպրոցում կառուցվում է դասասենյակ, դրա համար կարծես մանվելական ավագանու անդամ չէ, իսկ երբ ներկայացել է ՔՊ-ի դրամահավաքին՝ որպես ավագանի,  քաղաքացի, որ պատրաստ է դրամ հանգանակել, սա կարծես պրոբլեմ է դառել, հիմա համարում են, որ Արամայիս Միրզոյանը մանվելական ավագանու անդամ է»։

Ըստ քաղաքապետի՝ ինքն այժմ աշխատում է 17 ավագանու անդամի հետ, որոնք բոլորը կարող են համարվել «մանվելական ավագանու անդամներ»․

«Ես իմ պաշտոնը ստանձնելուց հետո նշել եմ, որ պետք է լինի համերաշխություն․ ես չեմ պատրաստվում մարդկանց բաժանել մանվելականի եւ ոչ մանվելականի։ Երկակի ստանդարտներ են կիրառվում, մի փոքր բանից սարքվել է մեծ պատմություն։

Ես կարծում եմ, որ սա ֆինանսավորվում է «Ոչ»-ի ճամբարից։ Որեւէ մեկի ընկերը լինելը դատապարտելի չէ։ Քաղաքապետին աջակցող ցույցերին մասնակցել են գրեթե բոլոր ավագանու անդամները»։

Հարցին՝ ավագանու անդամներից միայն Միրզոյա՞նն է մասնակցել ՔՊ-ի դրամահավաքին, քաղաքապետն ասաց, որ ինքը դրամահավաքից առաջ քննարկում է ունեցել այդ թեմայով եւ Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել