ՄամուլՏեսանյութ

ՀՀ վարչապետը ընդունել է Հորդանանի թագավորին (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ընդունել է Հորդանանի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել  է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին:

Ողջունելով Հորդանանի թագավորին՝ վարչապետը նշել է.

«Ձերդ գերազանցություն, ինձ համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ մեր երկրում:

Սա պատմական այց է, Ձեր առաջին այցն է Հայաստան: Եվ ինչպես մենք հասցրեցինք քննարկել՝ ոչ վերջինը: Մենք հույս ունենք շատ անգամներ տեսնել Ձեզ մեր երկրում:

Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են, քանի որ ընդհանուր առմամբ՝ Միջին Արևելքը և Ձեր երկիրը մենք տեսնում ենք որպես ռազմավարական գործընկերության ուղղություն: Ես շատ ուրախ եմ, որ նախորդ մեր երկրների միջև հարաբերություններն ակտիվանում են:

Մենք արդեն կոնկրետացրել ենք արդյունքները, ունենք մի քանի առանձնահատուկ ուղղություններ, որոնք երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում:

Ես նաև ուրախ եմ, որ Ձեզ հետ գործարարների պատվիրակություն է եկել, և մենք պատրաստվում ենք ստորագրել կոնկրետ փաստաթուղթ մեր հարաբերություններն առավել լավացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար:

Ես շատ ուրախ եմ Ձեզ ևս մեկ անգամ տեսնելու հնարավորության համար: Ցանկանում եմ շեշտել, որ մեր ժողովուրդը շատ դրական պատմական հիշողություն ունի Ձեր երկրի հետ կապված, քանի որ Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից փրկվածների նկատմամբ, և այս փաստն ավելի է ջերմացնում մեր վերաբերմունքը Հորդանանի և նրա ժողովրդի նկատմամբ:

Սա շատ հզոր հիմք է մեր հարաբերությունների համար և հույս ունեմ, որ այս հիմքի վրա մենք կկարողանանք կառուցել իրոք տպավորիչ հարաբերություններ: Շատ շնորհակալ եմ»:

Աբդալլահ Երկրորդը նշել է.

«Ձերդ գերազանցություն, շատ շնորհակալություն: Ինչպես Դուք ասացիք, մենք շատ հպարտ ենք այն պատմությամբ, որ մեր ժողովուրդները կիսել են:

Ինձ այնքան ջերմորեն հյուրընկալեցին երեկ Հայաստան ժամանելու հենց առաջին պահից, և ինչպես Դուք ասացիք, ես հույս ունեմ, որ սա իմ բազմաթիվ այցերից մեկն է:

Մեր առանձնահատուկ բարեկամությունը երկար տարիներ շարունակվում է և հուսով եմ, որ այն կշարունակվի ավելի պայծառ և ջերմությամբ: Մնք հպարտ ենք, որ միմյանց հետ կիսել ենք պատմությունը: Մենք դեռ միասին շատ անելիքներ ունենք  և ինձ թվում է դա Դուք էլ կհաստատեք:

Ես շատ լավատես եմ և ու հիացած Ձեր ընդունելությամբ»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական և հումանիտար հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ներկայումս տնտեսությունն ունի զարգացման լավ միտումներ և երկրում ստեղծված է բարենպաստ տնտեսական միջավայր:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի և կապիտալի ներգրավմամբ ու փոխգործակցության լավ հեռանկարներ են առկա տնտեսության տարբեր ճյուղերում:

ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարող է լավ հարթական դառնալ հորդանանցի գործարարների համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու համար:

Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ իր երկրի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ ու իրենք հետաքրքրված են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությամբ:

Երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարևորել են նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը: 

ՀՀ վարչապետը և Հորդանանի թագավորը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Կողմերն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և ընդգծել հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով լուծման կարևորությունը:       

Աբդալլահ Երկրորդը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան:

Կիսվել