Մամուլ

Պուտինը Հայաստանը չի ճանաչում․ Ավինյանը դեմ է, որ ռուսական հեռուստաալիքները հեռարձակվեն Հայաստանում

Պուտինը Հայաստանը չի ճանաչում․ Ավինյանը դեմ է, որ ռուսական հեռուստաալիքները հեռարձակվեն Հայաստանում

Politik.am-ը գրում է.

Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման արգելափակման մասին պնդումը տարակուսելի է և չի համապատասխանում Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարություններին։

Այս մասին ասված է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հաղորդագրությունում՝ ի պատասխան ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության, որ ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»

«Ուշադրություն դարձրեցինք ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի այն հայտարարությանը, թե տեղական մուլտիպլեքսում արտասահմանյան, այդ թվում և ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։

Զարմանքով նաև տեղեկացանք, որ իբր ՌԴ դեսպանը համաձայն է Հակոբյանի այս պնդման հետ։ Ուզում ենք հիշեցնել, որ ՌԴ դեսպանի հետ կայացած միակ, և այն էլ բավական վաղուց հանդիպման ժամանակ Հակոբյանի հնչեցրած առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս ունենալու կարծիքն ընդունվել է ի գիտություն։

Դրա հետ մեկտեղ, դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք հանդիսանում են ռուսական ալիքներին հետևողների բավական կարևոր մաս։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին հայտարարությունների ֆոնին «ռուսական ալիքների վերահեռարձակմումը՝ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք լինելու մասին թեզը» տարակուսանք է առաջացնում», – ասված է ՌԴ դեսպանության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։

Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ, օրինակ, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի:

Այս միջադեպի ֆոնին հետաքրքիր է հիշել, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ակնհայտ դեմ է ռուսական հեռուստաընկերություններին, որոնք վերահեռարձակվում են Հայաստանում։

Հիմա Ավինյանը լռություն է պահպանում այս հարցի վերաբերյալ, բայց տարիներ առաջ իր հանրային հնչեցրած տեսակետը կարծես բացատրում է, թե ինչով է առաջնորդվում ՀՌՀ ղեկավարը, երբ խոսում է ազգային անվտանգության խնդրի մասին․ «մենք չենք զգում, բայց աներևակայելի աստիճանի սուտը, որ ռուսական ալիքներով թափվում ա մեր ականջներին՝ մեզ իլյուզոր թշնամիներ ա ստեղծում ու դարձնում ռուսական իմպերիայի մասնիկ․․․

Պուտինը Հայաստանը չի ճանաչում՝ իր համար՝ մենք իմպերիայի մի մասն ենք․․․իսկ հեռուստատեսությունը սարքել ա անձնական օգտագործման զենք․ ուղիղ ալիքով մտնում ա մարդկանց ուղեղները, թելադրում ա այն ինչ ինքն ա համարում ճիշտ․․ նման պասիվ քաղաքականությամբ մենք թողնում ենք ՀՀ քաղաքացուն վերածել Ռուսաստանի Դաշնության ենթակայի»,-գրել է Ավինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կիսվել