ՄամուլԱշխարհ

Կանադայում 104 տարեկանում մահացել է Եղեռնը վերապրած Եվգենյա Փափազյանը. Մայրը նրան ծննդաբերել էր ձորում

Հունվարի 14-ին Կանադայի Տորոնտո քաղաքում 104 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներից Եվգենյա Փափազյանը: Այս մասին հայտնում է asbarez.com-ը:

Փափազյանը, որը շուտով կդառնար 105 տարեկան, ծնվել է Թուրքիայում՝ 1915թ.: Նա երբեք չի տեսել իր ծնողներին: Հայրը 1915թ. բանակ գնալուց հետո այլևս չի վերադարձել:

Ուշագրավ այն է, զանգվածային տեղահանումների սկսվելուց հետո, երբ նրա ընտանիքը փախել է լեռներ, այդ ժամանակ ընտանիքի հարսը՝ Եվգենյայի մայրը, հղի է եղել Եվգենյայով, որին ծննդաբերել է ձորում: Այդ ժամանակ շատերը կնոջը խորհուրդ են տվել նորածնին թողնել ճանապարհին՝ հասկացնելով, որ իրենց շատ ծանր ժամանակներ են սպասվում:

Սակայն կինը չի համաձայնել՝ նշելով, որ դա Աստծո դեմ մեծ մեղք կլինի: Հերոս մայրը մահացել է աղջկա ծնվելուց հետո՝ հյուծվածության պատճառով։

Փափազյանը բազմանդամ ընտանիք է ունեցել, սակայն հարազատներից որևէ մեկին չի հանդիպել, քանի որ մոր մահից հետո հայտնվել է մանկատանը: Դրանից հետո սկսվել է Փափազյանի դառը կյանքի փշոտ ճանապարհը՝ Հունաստանի մանկատներով:

Որոշ ժամանակ անց մի հայազգի զույգ Փափազյանին որդեգրել է ու Կահիրե տեղափոխել: Այնտեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն և 15 տարեկանում ամուսնացել:

Կիսվել