Զինվորի մոր ձեռքով պատրաստած գաթան երկրորդ հարկից շպրտելը, զինվորին «կոտրել է նշանակում»
Զինվորի մոր ձեռքով պատրաստած գաթան երկրորդ հարկից շպրտելը, զինվորին «կոտրել է նշանակում»։
Հրապարակը գրում է․ Զինվորների հետ պատերազմական շրջանում գործի բերումով շատ եմ շփվել։ Հրամանատարների հետ՝ ևս։ Մի կարևոր բան եմ հասկացել։ Զինվորի համար մայրը «մի այլ ձևի քաղցր է»։
Հիմա կասեք՝ մայրը բոլորի համար էլ քաղցր է, դա այդպես է, բայց նորից եմ կրկնում, բանակում, տնից կտրված զինվորի համար «մայրը Աստված է»։ Ինչքա՜ն եմ լսել՝ «մորս գործած գուլպան է, ոտքերս չեն մրսում, մորս ուղարկածն ուրիշ համ ունի» նախադասությունները։ Բանակի հետ քիչ թե շատ շփվող մարդը դա պիտի հասկանա, այլապես նա տեղ չունի բանակում։
Օրեր առաջ տեղեկացրել էինք՝ Արցախի N զորամասի հրամանատարը զինվորների ընտանիքներիի կողմից ուղարկված ամանորյա ծանրոցները երկրորդ հարկի պատուհանից դուրս է շպրտել։ Ո՞վ է ծանրոցը պատրաստում կամ ծանրոցի պատրաստման «գլխին կանգնում»՝ Իհարկե, մայրը, քույրը։ Ծանրոցի մեջ մայրը սեր, բարություն, քնքշություն, սիրտ է դնում։ Եվ հազարից մի մայր կարող է լինել, որ իր երեխայի համար խմիչք ուղարկի։
Ինչքան էլ համապատասխան մարմինները փորձեն շտկել իրավիճակը և հայտարարություններ անել, թե ծանրոցի մեջ խմիչք է եղել, դա չի արդարացնում հրամանատարի կատարած քայլը։ Ստուգում են չէ՞ ծանրոցի պարունակությունը։ Հրամանատարությունը, ինչպես Արծրուն Հովհաննիսյանն է ասում, ստուգում է։
Եթե ստուգել են ու նման մի դեպք է արձանագրվել, թող խմիչքը շպրտեին՝ ի տես բոլորի, թե ինչքան վտանգավոր է, որ հատկապես տոնական օրերին սահման պահողը խմիչք օգտագործի, դրանով ընդգծեին, թե ինչը չեն ընդունում։ Բայց զինվորի մոր ձեռքով պատրաստած գաթան ու քաղցրեղենը երկրորդ հարկից շպրտելը, զինվորին «կոտրել է նշանակում», վիրավորել, նսեմացնել։ Ես սա չէի գրի, եթե ծառայող մի զինվոր այսօր չգրեր՝ եթե մորս թխած գաթան երկրորդ հարկից շպրտեր, ես հրամանատարին․․․
Ինչքա՜ն նման դեպքեր են եղել, որոնք ավարտվել են ողբերգությամբ։ Փակագծեր չբացեմ, որովհետև Բանակի մասին ենք խոսում։ Կարգապահությունը՝ կարգապահություն, բայց հրամանատարը պետք է կարողանա իրեն տիրապետել։ Պետք է հոր, եղբոր դեր կատարի։ Նման կերպ վարվել նոր – նոր չափահասության շեմը հատած տղաների հետ, մեղմ ասած, չի կարելի, անթույլատրելի է։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ դրա տակ տողատակեր կարող են լինել, ու խմիչքը զուտ պատրվակ ներկայացվի։
Աղբյուր՝ hraparak.am