«Իննայի հետ կմեկնենք խորհրդանշական քաղաք»․ Գուրգեն Դաբաղյանը որոշել է կնոջ համար առանձնահատուկ Ամանոր կազմակերպել
«Իննայի հետ կմեկնենք խորհրդանշական քաղաք»։ Երգիչ Գուրգեն Դաբաղյանն այս տարի Ամանորը կդիմավորի ամուսնացած տղամարդու կարգավիճակով։ Գուրգենն ու Իննան տարեսկզբին տեղափոխվելու են իրենց նոր բնակարան, սակայն Ամանորն այնտեղ չեն դիմավորի։ Երգիչը որոշել է իր և կնոջ՝ Իննայի համար առանձնահատուկ Ամանոր կազմակերպել` նրանք 2020 թվականը կդիմավորեն սիրո քաղաքում՝ Փարիզում։
Գուրգենն ու կինը լուսանկարվել են Tert.am Life-ի ամանորյա ֆոտոշարքում, երգչի հետ նաև զրուցել ենք Ամանորի հետ կապված ծրագրերի, հիշարժան տարվա և սիրելիի համար նվերներ ընտրելու մասին։
«Որոշեցինք այս տարի Ամանորը մի փոքր այլ կերպ նշել՝ միասին մեկնել սիրահարների համար գեղեցիկ, ռոմանտիկ ու խորհրդանշական քաղաք՝ Փարիզ։ Մոտ տասն օր այնտեղ կանցկացնենք,-ասաց Գուրգենն ու շարունակեց,- ինքս մտածում եմ, որ Ամանորը պետք է ուրախ տոն լինի, գոնե այդ մի օրը մարդիկ իրենց անհոգ զգան։
Հայաստանում Նոր տարվան ընդառաջ մարդիկ իրենց ծանրաբեռնում են, էլ ավելի հոգսաշատ են դառնում, մտածում են, որ պարտավորված են հյուր գնալ, մեծ ծախսեր անել։ Եթե անկեղծ լինենք, մարդիկ ոչ սրտանց ուրախանում են, ոչ էլ այդ ամենն ի սրտե են անում։ Այս երևույթն ինձ դուր չի գալիս: Եթե այստեղ էլ Նոր տարին իսկապես ուրախ մթնոլորտում անցներ, շատ լավ կլիներ»։
Գուրգենն ու Իննան նախորդ տարի ևս Նոր տարին միասին են դիմավորել, պարզապես այս տարին առանձնանում է, քանի որ արդեն ամուսնացած են․ «Իննան Ռուսաստանում էր ապրում, սակայն նախորդ տարի արձակուրդներին եկավ Հայաստան, Ամանորը մեր ընտանիքի հետ դիմավորեց։ Նոր տարին հայական ավանդական ձևով տանը դիմավորելուց հետո գնացինք Հանրապետության հրապարակ, զբոսնեցինք ու առանձնահատուկ Ամանոր ստացվեց»։
Խոսելով իր զգացողությունների մասին՝ երգիչը ժպիտով նշեց․ «Այս տարի Ամանորն իսկապես ուրիշ է լինելու, որովհետև անձնական կյանքումս նոր իրավիճակ ու էմոցիաներ են։ Մեր ընտանիքը համալրվել է և ամուսնացածի կարգավիճակով Նոր տարին դիմավորելն արդեն իսկ հետաքրքիր է։ Ես շատ պատասխանատու մարդ եմ, ամուսնանալիս գիտակցում էի պատասխանատվության ողջ ծավալ։ Սա է հիմնական պատճառը, որ այդ առումով կյանքումս մեծ տարբերություն չեմ զգում»։
Գուրգենի խոսքով՝ կնոջ համար նվերներ ընտրելն այնքան էլ հեշտ չէ․ «Իմանալով կնոջս նախասիրությունները՝ փորձում եմ ընտրել մի բան, որը նրա սրտով կլինի։ Առայժմ չեմ կողմնորոշվել, թե ինչ եմ նվիրելու իրեն, այդ հարցում գաղտնապահ է, չի էլ ակնարկում, թե ինչ կարելի է նվիրել իրեն»։
Երգիչը նշեց, որ 2020 թվականից սպասելիքները շատ-շատ են՝ ինչպես անձնական, այնպես էլ կարիերայի տեսանկյունից։ «Ամեն տարի իր հետաքրքրությունն ունի և ամեն տարվա համար դու քո սպասելիքներն ես ունենում։ Հույս ունեմ, որ շատ լավ տարի է լինելու։ 2019 թվականը կյանքիս ամենայուրահատուկ տարին էր, որովհետև պսակադրվեցի։ Իսկապես, շատ լավ տարի եմ ունեցել՝ ուրախ հարսանիք, հրաշալի ճանապարհորդություն, հիմա էլ իմ սիրելի մարդու կողքին եմ»։
Աղբյուր՝ tert.am