«Կնվազեցվեն Արցախում և Հայաստանում ռոումինգի սակագները». Նիկոլ Փաշինյան
«Կնվազեցվեն Արցախում և Հայաստանում ռոումինգի սակագները»: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․
«Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020-ի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021-ի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։
Արդյունքում, 2020-ի հունվարի 1-ից՝
– Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
– Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
– տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
– կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:
Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ: Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում և Արցախում»: