Մտավոր հետամնացություն ունեցող զինծառայողների զորակոչը կբացառվի
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերից էր ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ որոշման՝ մտավոր հետամնացություն ունեցող հոդվածով զորակոչված զինծառայողների որոշ կատեգորիաների համար համապատասխան փորձաքննությունից հետո կլինեն մեղմացումներ։
Արդյունքում որոշ զինծառայողներ կզորացրվեն, իսկ նույն հոդվածով նոր զինակոչիկներ չեն զորակոչվի։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման դրա ընդունումը պայմանավորված է հոգեկան խանգարումներ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավման գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 404-Ն որոշման ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց տվեցին, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա:
Նշված է, որ փոփոխությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը, բացառելու այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ: Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը և իրականացումը, կբացառվի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ: