Հաղթանակը նվիրում եմ սահմանին կանգնած մեր զինվորներին. Եվրոպայի չեմպիոն
Երեկ` հունիսի 12-ին, կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի, հավաքականի մարզիչ Արմեն Մալխասյանի, ըմբշամարտի` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Հրաչյա Մարգարյանի, մրցանակակիրներ Մհեր Մարկոսյանի, Արման Անդրեասյանի եւ Արման Ավագյանի ասուլիսը:
Ասուլիսից անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Մարգարյանի հետ:
Ասուլիսի ընթացքում ամփոփվեց հունիսի 5-ից 10-ը Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները վատ հանդես չեկան եւ թիմային հաշվարկով զբաղեցրին 6-րդ հորիզոնականը:
Մեր հավաքականի մարզիչների խոսքերով` մարզիկների մրցելույթները հաջող էին, սակայն նրանցից սպասվում էր ավելին. այդ մասին խոսեց Ավետիք Վարդանյանը. «Ընդհանուր առմամբ գոհ ենք տղաներից, սակայն սպասելիքները ավելի մեծ էին, բայց ունենք այն, ինչ ունենք»:
Բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը նշեց, որ կիսաեզրափակիչ փուլը չկարողացավ հաղթահարել ավելորդ լարվածության պատճառով. «Ափսոս, որ չկարողացա ավելի բարձր տեղ զբաղեցնել: Մի փոքր լարված էի կիսաեզրափակչում ռուսաստանցի մարզիկի հետ գոտեմարտելիս»:
Մեր մյուս բրոնզե մեդալակիրը`Արման Ավագյանը, մեզ հետ զրույցում ասաց,որ մեդալը իր համար շատ սպասված էր. «Ուրախ եմ բրոնզե մեդալակիր դառնալու համար: Սա շատ սպասված մեդալ էր: Ամեն ինչ կանեմ աշխարհի առաջնությունում ավելի լավ հանդես գալու համար»: Իր տպավորություններով կիսվեց նաեւ արծաթե մեդալակիր Մհեր Մարկոսյանը. «Ավելի լավ կլիներ, եթե կարողանայի դառնալ Եվրոպայի չեմպիոն,սակայն չստացվեց:
Հիմա կենտրոնացած եմ աշխարհի առաջնության վրա եւ մարզիչների հետ կքննարկեմ, կհասկանամ սխալներս եւ աշխարհի առաջնությունում կփորձեմ նվաճել ոսկե մեդալ»: Ըմբշամարտի` Եվրոպայի երիտասարդների նորընծա չեմպիոն Հրաչյա Մարգարյանը մեզ հետ զրույցում խոսեցիր զգացողություններից, որը ապրել է հաղթանակից հետո, ինչպես նաեւ թուրք ըմբիշի հետ գոտեմարտից. «Տպավորությունները շատ լավն են, իսկ այդ զգացողությունները բառերով նկարագրել չեմ կարող:
Մինչեւ թուրք ըմբիշի հետ գոտեմարտելը մրցել եմ ուժեղ մարզիկների հետ, բայց թուրք մարզիկի հետ գոտեմարտը ավելի պատասխանատու էր, քանի որ կիսաեզրափակիչն էր, իսկ նրա ազգությունն ինձ ավելի էր պարտավորեցնում:Բարդ գոտեմարտեր էին բոլորն էլ, միայն եզրափակիչը հեշտ ստացվեց:
Այդ հաղթանակը ես նվիրում եմ սահմանին կանգնած մեր զինվորներին», – ասաց Մարգարյանը: Մեր չեմպիոնը նաեւ ավելացրեց, որ շատ լավ տրամադրությամբ եւ տրամադրվածությամբ է պատրաստվում առաջիկա աշխարհի առաջնությանը. «Այս հաղթանակից արդեն մտածում եմ աշխարհի առաջնությունում հաղթելու համար:
Այս ամենը ինձ ավելի ոգեւորեցին, եւ ամեն բան կանեմ հաղթանակ տոնելու համար»:
Աղբյուր՝ armlur.am