Ազատ խոսք

Հիշում եմ ժամանակին՝ «Էլեկտրիկ Երևան» ակցիայի ընթացքում, ցուցարարներից մեկը․․․ Անի Կարապետյանը ՀՀ ոստիկանապետին

Անի Կարապետյանը ՀՀ ոստիկանապետին բաց նամակ է գրել իր ֆեյսբուքյան էջում․

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԻՆ

Պարոն ոստիկանապետ:

Հանրության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել կառավարության նիստում ՀՀ վարչապետի հնչեցրած հանձնարարականը ուժային կառույցներին՝ պայքարել բռնություն քարոզող ուժերի և սևազգեստ մարդկանց դեմ, որոնք «հիբրիդային պատերազմով» ուզում են «քաղաքական հարցեր» լուծել:
Դուք ինքներդ էլ կառավարության նիստից հետո հայտարարել եք, որ ՀՀ–ում անթույլատրելի եք համարում բռնության կոչը, իսկ «բռնության կոչեր անողները կարժանան օրենքի սահմաններում իրավապահ մարմինների կոշտ արձագանքին»: 
Անչափ հետաքրքրական է, եթե չասեմ ՝ զավեշտալի:

Վարչապետը այսպիսով Ձեզ է դնում հարվածի տակ, Ձեզ է ստիպում, որ Դուք ընտրովի գործունեություն ծավալեք՝ իր հանցավոր, դատարանի դուռ փակող զանգվածի արարքների վրա աչք փակել, իսկ ընդդիմախոսներին հալածել:
Նա փաստացի ուզում է Ձեզ և իրավապահ համակարգը օգտագործել կամ ծառայեցնել իր անձնական շահերին, իսկ Դուք դա կամ չեք հասկանում, կամ հասկանալով՝ կուլ եք տալիս:

Ո՞ւր եք Դուք, պարոն Օսիպյան, և ինչո՞վ էիք զբաղված, երբ անցյալ տարի ես դիմել էի ոստիկանություն՝ ինձ հոգեբանական ճնշման ու շանտաժի ենթարկելու համար: Ո՞ւր էր Ձեր էնտուզիազմը, երբ Նարեկ Մալյանին էին գրկած տանում գիշերով, որպեսզի գցեն աղբարկղը:

Ո՞ւր էր Ձեր եռանդն ու նվիրումը, երբ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները ահաբեկում էին մարդկանց, երբ գործող իշխանության կողմնակիցները Ազատության հրապարակում օրը ցերեկով հարձակվում էին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա, երբ տխրահռչակ Ջիվանը սպառնում էր Արցախի նախագահի «գլուխը քարով ցխել»:

Ես հիշում եմ, թե ինչպես ժամանակին՝ «Էլեկտրիկ Երևան» ակցիայի ընթացքում, ցուցարարներից մեկը թքեց Ձեր գլխարկի մեջ: Խնդրում եմ հիմա Ձեզ այնպես պահեք, որ հաջորդ անգամ, հնարավորություն ունենալու դեպքում, չթքեն Ձեր դեմքին:

Կիսվել