Տիկին, արդեն ձանձրացնում եք ․ Արայիկ Հարությունյանը՝ ծնողին
Hraparak.am-ը գրում է․ Տիկին, արդեն ձանձրացնում եք ․ Արայիկ Հարությունյանը՝ ծնողին: Ծովինար Սարգսյան անուն-ազգանունով կինն իր առաջին դասարան գնացող երեխային ընդունելության առցանց համակարգում ինչ-որ պատճառով չի կարողացել գրանցել․ երեխան դուրս է մնացել Չեխովի անվան դպրոցից, որի հարևանությամբ է ապրում։ Ամուսիններով դպրոց են գնացել, նախարարություն, դիմում են գրել, չի ստացվել։ Կինը սպասել է մինչև սուպերնախարարը շենքից դուրս գա, բացատրի և առանձնազրույցի վերջում ստացել է բառացի պատասխան՝ «տիկին, արդեն ձանձրացնում եք»։
Կինը նախ պատմեց, թե ինչու չի կարողացել առաջին անգամ գործարկվող համակարգից օգտվել։ «Վաղուց արդեն երեխայի տվյալները գրանցել էր, համակարգիչը ճանաչել էր մայր-որդի կապը, մինչև ծրագրի ակտիվանալը, ժամը 9-ին արթնացել եմ, հասցրել եմ գրանցել, սոցքարտ և այլն, մինչև հասկացել եմ՝ ծրագիրը ոնց է աշխատում, ամեն դեպքում, մասնագետ չեմ, ցույց տվեց, որ դպրոցում տեղերը զբաղված են։ Ասացի՝ գոնե հասցնեմ Պուշկին գրանցեմ, բայց այնտեղ էլ չհասցրեցի»,- ասաց Ծովինարը։ Նրա խոսքով՝ ավագ որդին Չեխովի անվան դպրոցում է սովորում, որն իրենց տեղամասի դպրոցն է։
«Այսինքն՝ մեր դպրոցն է, էդ դպրոցը կառուցել են բնակիչների համար, երեխաների անվտանգության համար, որ փողոց չանցնեն, անվտանգ լինի դպրոց հաճախելը։ Կրակը չենք ընկել, որ այդ դպրոցի մոտ ենք ապրում, ուրիշ դպրոց լիներ, այնտեղ կտանեինք»,- ասում է կինը։
Նրա խոսքով՝ նախարար Արայիկ Հարությունյանն իրեն անգամ լսել չի ցանկացել։ Նախ ասել է․ «Չեք հասցրել՝ Ձե՛ր խնդիրն է», հետո, երբ կինը պատմել է, որ առավոտյան արթնացել է, չի հասցրել, ասել է՝ «գիշերը չքնեիք»։ Կինն առարկել է, որ անտրամաբանական է, երբ քաղաքի բոլոր ծայրամասերից գալիս են Չեխովի անվան դպրոց։ Այստեղ արդեն նախարարը պատասխանել է՝ «տիկի՛ն, արդեն ձանձրացնում եք, չեք հասցրել, երեխային մի՛ տարեք դպրոց»։ Ի վերջո, խորհուրդ է տվել երեխային տանել Մաշտոցի պողոտայում գտնվող դպրոցներից մեկը։ Կինն էլ ասել է, որ դրա համար երեխան պետք է 4 փողոց անցնի։
Նախարարն էլ՝ «Ձեր խնդիրն է, ոչնչով չեմ կարող օգնել»։ Ծնող-նախարար զրույցը մի քիչ էլ շարունակվել է․ կինն ասել է, որ վատառողջ է, շնչարգելում ունի, ոտքի վրա չի կարողանում կանգնել, մի՞թե Արայիկ Հարությունյանի խիղճը չի տանջում, ասել է՝ մայր եմ, եկել եմ իմ բալիկի իրավունքները պաշտպանեմ, Արայիկ Հարությունյան էլ ասել է, որ շատ ծնողներ են գալիս, բոլորին չի կարող օգնել։
Ի վերջո, երբ կինն ասել է՝ սիրուն բան չեք անում, պարոն նախարար, կնոջ վկայությամբ՝ Արայիկ Հարությունյանն ասել է․ «Չե՞ք վախենում Ձեր բառերի համար պատասխանատվության ենթարկվեք»։ Մեզ հետ զրույցում կինն ասաց, որ չի պատրաստվում նախարարական ամբիցիաների պատճառով երեխայի կյանքը վտանգել 9 տարի շարունակ։
«Ոնց հասկացա, մեր նախարարն ամբիցիոզ և խղճից զուրկ մարդ է, որովհետև անգամ իր դեմ արտասվեցի, ու իրա հեչ պետքը չէր։ Կարար ասեր՝ արի դիմում գրի, կամ՝ որ դպրոցում տեղ ազատվի, կտեղափոխենք։ Նա անգամ նախարար -քաղաքացի էթիկետը չպահեց»,- ամփոփում է Ծովինարը՝ Արայիկ Հարությունյանին բնութագրելով որպես անբեկանելի ու իրասածի մարդ։
Ծովինարը դեռ փորձելու է դիմել ԱԺ պատգամավորներին, հետո կմտածի այլ քայլերի մասին, եթե չընդառաջեն։
Նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը Hraparak.am-ի հետ զրույցում կրկին ներկայացրեց նոր կարգը՝ խնդրելով այն փոխանցել քաղաքացուն։
«Մենք փորձել ենք տարիներ շարունակ գործող սուբյեկտիվությունը հասցնել մինիմալի, երբ մոտեցել են տնօրենին և այլն։ Տեսա գրառում, թե, իբր, ժամը 9-ից դպրոցը փակ է եղել․ չի կարող նման բան լինել, որովհետև բոլոր դպրոցներում, որտեղ ուզել են, նորմալ գրանցվել են։ Մենք լայն տեղեկատվական արշավ ենք արել, ու անգամ հաղորդագրություններ ենք ուղարկել»,- ասաց Անժելա Կզդրյանը՝ հավելելով, որ տեխնիկական դժվարությունների համար կենտրոններ էին գործում, ինչի մասին նույնպես տեղեկացրել էին…
Խոսնակն ընդգծում է, որ դրանով համակրանք և այլ կոռուպցիոն սկզբունքներ են բացառվում։ Ի դեպ, նա ասաց, որ պատահական չէ, որ խնդիրն էլի Չեխովի անվան դպրոցի հետ է կապված։ Ասաց, որ մյուս դպրոցների հետ կապված՝ նման բաներ չեն լինում։
Ինչ վերաբերում է նախարարի կոպտելուն, ապա նրա մամուլի խոսնակն ասում է, թե չի հավատում՝ ճանաչելով նախարարին։
Աղբյուր՝ hraparak.am